Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը․ Արտավազդ Փելեշյանը նշում է ծննդյան տարեդարձը

Այսօր մեր լավագույն կինոռեժիսորներից Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է․ համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը դառնում է 83 տարեկան։

Արտավազդ Փելեշյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, ինչպես նաև Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։

Նրա գործունեության մասին հրատարակվել են գրքեր Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում եւ Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։

«Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան»,- ասել է Արտավազդ Փելեշյանը։