«Դեռևս չկա այն նախագիծը, որ ես կասեի՝ այ սա իմն է, ես ուզում եմ այս դերը խաղալ»․ Հասմիկ Խոջյան

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում չի նկարահանվում հեռուստանախագծերում, սակայն բավականին ակտիվ է սոցցանցերում: Դերասանուհին պարբերաբար նոր ֆոտոշարքեր է իրականացնում, որոնք տեղ են գտնում իր ինստագրամյան էջում։
ShowBiz.amՀասմիկ Խոջյանի հետ զրուցել է նախորդ տարվա դժվարությունների, 2021-ի պլանների, հեռուստատեսային դադարի, հետաքրքիր ֆոտոշարքերի մասին և ոչ միայն։

«Նախորդ տարին իսկապես շատ դժվար էր, պանդեմիան հաղթահարելը դեռ ինչ-որ չափով ավելի հեշտ տրվեց բոլորիս՝ չնայած այն հանգամանքին, որ այն դեռևս չի նահանջում, քան, բնականաբար, պատերազմը։ Պատերազմի վերքերը դեռևս շատ թարմ են, իսկ սպիները շատ երկար կմնան։ Իսկ ի՞նչ է պետք անել այն հաղթահարելու համար․ պետք է ուժեղ լինել, պետք է փորձենք վերգտնել ինքներս մեզ, փորձենք աշխատել և առաջ շարժվել։ Իմ երազանքն է, որ մենք նույնչափ միասնական լինենք, որքան այդ չարաբաստիկ օրերին էինք»,- նշում է Հասմիկը։

Իսկ ինչ վերաբերում է բնականոն կյանքով ապրելուն՝ դերասանուհին շեշտում է, որ դրա համար դեռևս շատ երկար ժամանակ կպահանջվի․ «Ինձ թվում է՝ ինչքան էլ մենք բոլորս փորձում ենք ցույց տալ, թե իբր ամեն ինչ նորմալ է, իբր մենք մեր բնականոն կյանքով ենք ապրում, սակայն միևնույնն է այդ ցավը մեր սրտի մեջ դեռ կա ու շատ մեծ է։ Հույս ունեմ, որ այն գոնե շուտ կսպիանա, իսկ սպիները երբեք չեն լավանում»։

Դերասանուհին 2020 թվականին բազմաթիվ պլաններ է ունեցել, որոնք բոլորիս հասկանալի պատճառներով, չեն իրագործվել․ «Դրանք բոլորը, նաև նոր պլաններն ու նպատակները սպասում են իրենց իրագործմանը 2021-ին։ Ես նախապես չեմ սիրում բարձրաձայնել իմ պլանների մասին, չեմ սիրում խոսել նպատակներիս մասին, ուղղակի սիրում եմ դրանք անել ու արդեն այն հատվածը իմ նպատակների, որոնք կարելի է հանրայնացնել, մարդիկ կտեսնեն, կիմանան, օրինակ, իմ ինստագրամյան էջի միջոցով։ Այն մասը, որը խիստ անձնական չէ, կիմանա նաև իմ շրջապատը։ Մի խոսքով, ես սիրում եմ գործով ցույց տալ իմ նպատակները, այլ ոչ թե ուղղակի խոսել դրանց մասին»։

Հասմիկն այժմ հեռուստատեսային որևէ զբաղվածություն չունի, ինչի հետ կապված նշում է․ «Ցանկացած դերասան ժամանակ առ ժամանակ պետք է վերցնի դադար՝ թե՛ իր հանդիսատեսին և թե՛ հեռուստադիտողին չհոգնեցնելու համար։ Ու այդ դադարի ընթացքում պետք է անընդհատ աշխատի ինքն իր վրա, ինչպես որ օրինակ՝ դա անում է նկարանվելու ընթացքում, բայց ավելի խորացված ձևով։ Այդ ընթացքը նպատակահարմար է օգտագործել ավելի շատ սովորելու, ավելի շատ իր հմտությունները զարգացնելու համար, ինչպես նաև այն լավ առիթ է վերականգնելու սպառած էներգիայի մեծ պաշարները, քանի որ նկարահանումների ընթացքում ինչքան էլ որ մեծ սիրով աշխատես, միևնույնն է՝ էներգիայիդ պաշարը մի օր ամեն դեպքում սպառվելու է։ Իսկ ես չեմ սիրում, երբ ուժերի ներածին չափով չեն աշխատում, պետք է ամեն բան անել մաքսիմալ կերպով։ Ես փորձում եմ երբեք չհոգնեցնել, միշտ լինել ամենապիկ էներգիայի վրա և ունենալ նոր ասելիք»։

Բացի վերոնշյալ փաստից առկա է նաև այն հանգամանքը, որ այս շրջանում դերասանուհին դեռևս չի ստացել իրեն գրավող հետաքրքիր առաջարկներ․ «Դեռևս չկա ինձ առաջարկվող այն նախագիծը, որ ես կասեի՝ այ սա իմն է, ես ուզում եմ այս դերը խաղալ, ես ուզում եմ այս սյուժեով սերիալում նկարահանվել։ Հենց լինի, ու կարծում եմ, որ այդ օրն արդեն մոտ է, անպայման մեծ սիրով կընդունեմ առաջարկը և շատ ավելի մեծ եռանդով, ոգևորությամբ ու նվիրվածությամբ կաշխատեմ նոր նախագծում։ Հույս ունեմ, որ այդ օրը չի ուշանա»։

Հասմիկն այն դերասանուհիներից է, ովքեր հաճախ են ներկայանում նոր ու չկրկնվող ֆոտոշարքերով․ «Ես պարբերաբար սիրում եմ աշխատել նոր ֆոտոշարքերի վրա, սիրում եմ նոր կերպարներ մտածել, սիրում եմ լուսանկարվել, սիրում եմ ինձ փորձել նոր դերերում։ Հա՛մ շատ հետաքրքիր է, հա՛մ էլ նոր ու թարմ նկարներ են լինում, որոնք, ինձ թվում է՝ պարտադիր են ցանկացած դերասանուհու պորտֆոլյոյում։ Կարծում եմ՝ երբ ռեժիսորը դերասանի է ընտրում, դա ևս կարող է օգտակար լինել, քանի որ դրա օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչպես է դերասանը կարողանում փոփոխվել և հարմարվել այս կամ այն կերպարին»։

Վերջին մի քանի ֆոտոշարքերում դերասանուհին համագործակցել է Filophotography-ի հետ։ «Վերջերս սկսել եմ փորձել ինքս անել ընտրված կերպարների դիմահարդարումը։ Հետաքրքիր է ստացվում, ինձ համար էլ հավես գործընթաց է։ Լուքերը ևս ինքս եմ մտածում։ Իրոք հետաքրքիր աշխատանք ենք տանում և վերջում ստանում մեր սպասված արդյունքը»,- անկեղծանում է Հասմիկը։

Խոսելով սոցցանցերում ակտիվության և իր հետևորդների հետ ջերմ հարաբերությունների մասին՝ դերասանուհին նշում է․ «Ինձ համար սոցցանցերը կյանքումս գլխավոր դեր չեն ստանձնում։ Այն մարդիկ, ովքեր ինձ հետևում են սոցցանցերում, ճանաչում են իմ իրական եսին։ Ես նույնն եմ թե՛ առօրյայում, թե՛ տանը և թե՛ նկարահանման հրապարակում։ Ես չեմ կեղծում, ես այն եմ, ինչ կամ, իհարկե, խոսքը այն կերպարների մասին չեն, որոնցով ներկայանում եմ տարբեր հեռուստանախագծերում»։

Անդրադառնալով իր առօրյային և անձնականին, որը դուրս է մնում հետևորդների հասանելիության տարածքից, Հասմիկը խոստովանում է․ «Առօրյա գրաֆիկս իրականում չափազանց խառն է, մեծ մասն անցնում է աշխատանքային մթնոլորտում։ Չնայած որ վերևում նշեցի, որ ինստագրամյան հետևորդներս ինձ հետևելով կարողանում են տեսնել իրական Հասմիկին, բայց միևնույնն է, նրանք տեսնում են միայն այն, ինչը ես ուզում եմ ցույց տալ։ Որովհետև գոյություն ունի անձնական տարածք, որտեղ պետք է լինեն միայն իմ մտերիմները։ Ես մշտապես պահում եմ այդ սահմանը»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան