Քիմ Քարդաշյանը կհանրայնացնի Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության գործընթացը

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շոուի վերջին եթերաշրջանում, ինչպես նաև Hulu հարթակում նոր նախագծի շրջանակներում ներկայացնելու է Քանյե Ուեսթի հետ 2,1 միլիարդ դոլար արժեցող ամուսնալուծության գործընթացը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

40–ամյա հեռուստաաստղի ընտանեկան խնդիրները բազմիցս հայտնվել են Keeping Up With the Kardashians իրապատում շոուի շրջանակներում և այժմ, երբ ընտանիքը պայմանագիր է կնքել Hulu & Star–ի հետ, Քիմի ամուսնալուծության գործընթացի մանրամասները հրապարակվելու են նաև նոր նախագծում, որի պրեմիերան կայանալու է 2021 թվականին։

Պարբերականին մոտ կանգնած աղբյուրը նշել է․ «Քիմը, անկասկած, տխուր է, սակայն իրեն վստահ է զգում ամուսնալուծվելու որոշման կայացմամբ, քանի որ գիտի, որ դա լավագույն լուծումն է իր և իր ընտանիքի համար: Նա զգում էր, որ արդեն ամիսներ շարունակ ամուսնալուծված է: Երկար ժամանակ է անցել, և նա իրեն հանգիստ է զգում, որ վերջապես կարողացել է առաջ շարժվել»: Աղբյուրը հավելել է, որ նախկին զույգի երեխաները այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, սակայն Քիմը նրանց ասել է, որ սիրում է իրենց հայրիկին և պարզապես պիտի իրարից հեռու ապրեն, ինչը երեխաների համար այդքան էլ անսովոր չէ:

Ամուսնալուծության գործընթացն արդեն ընթացքի մեջ է և երկուսն էլ փորձում  են պահպանել իրենց կարողությունը՝  համատեղ 2,1 միլիարդ ակտիվների պաշտպանության համար համաձայնություն ստորագրելով։ Փաստաթղթով սահմանվելու է նաև երեխաների խնամակալության հարցը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: