Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն կրկին դատարանում են

2021 թվականի փետրվարի 20-ին Խամովնիչյան դատարանում գրեթե երկու տարի անց վերսկսվել են նախկին ամուսինների՝ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման վերաբերյալ լսումները:
Գործընթացը տեղի է ունենում փակ ռեժիմով, իսկ լսումից հետո Ստեպանենկոյի փաստաբան Ելենա Զաբրալովան շտապել է լրագրողներից թաքնվել առանց որևէ մեկնաբանության:
Սակայն փաստաբան Սերգեյ Ժորինը, որը ներկայացնում է Պետրոսյանի շահերը, լրագրողներին է ներկայացրել ընտանեկան գաղտնիքները։

Թե կոնկրետ ինչ են բաժանում արտիստները, փաստաբանը չի բացահայտել, բայց նշել է, որ դրանք ամենևին էլ այն միլիարդները չեն, որոնք բոլորը քննարկում են։

«Փորձաքննությունն այդքան երկար է տևել, քանի որ ի թիվս այլ բաների, ընդհանուր ունեցվածքի ցուցակում կա ավելի քան 2500 գիրք։
Պարադոքսն այն է, որ որոշ հրատարակություններ արժեն 100 ռուբլի, սակայն դրանք բոլորը պետք է նկարագրվեն և գնահատվեն: Եվ երբեմն մեկ գրքի փորձաքննության արժեքը գերազանցում էր դրա իրական գինը»,- մանրամասնել է փաստաբանը։
Ընդ որում, պաշտպանը չի բացառում, որ ձգձգված գործընթացի ավարտին կողմերը կհաշտվեն։