Սոպրանո Գոհար Հակոբյանը Մինսկի համերգին կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Ճանաչված սոպրանո Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Մինսկում՝ ներկայացնելով հայ և արտասահմանցի կոմպոզիտորների գործեր: Փետրվարի 27-ին Մինսկի «Վերխնի գորոդ» համերգասրահում տեղի կունենա «Սրբազան սեր երաժշտության հանդեպ» խորագրով համերգը, որին կհնչեն Բելինիի, Պուչինիի, Դոնիցետիի, Շուբերտի, Պուլենկի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Ավետիսյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի ընթացքում սոպրանոյին կնվագակցեն բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիր երաժիշտներ:

Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Հոգու երաժշտություն» խորագիրը, և անցավ մեծ հաջողությամբ: 2018 թվականի դեկտեմբերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում երգչուհին ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Գոհար Հակոբյանը հանրությանը ներկայացրել էր «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է: