Wing-ի նոր բիզնեսը և Գոշի հետ նախագծի մանրամասները


Դերասանուհի, բլոգեր Մաշան այս ամիսների ընթացքում աշխատում էր «Դեպի ճամբար 2» և «Կարճ ասած 2» նախագծերի ուղղությամբ, սակայն շաբաթներ առաջ նա որոշեց նաև սկսել սեփական բիզնեսը, որի մասին վերջինս պատմում է Showbiz.am կայքի հետ զրույցում։

 «Դեռ անցած տարի որոշել էի զարկ տալ հայկական արտադրանքին և ստեղծել հագուստի յուրօրինակ շարք: Սկսվեց պանդեմիան ու հետաձգվեցին նաև իմ փոքրիկ բիզնեսի առաջին քայլերը: Սկզբում պանդեմիան խանգարեց, հետո հասկացա, որ չեմ ուզում, որովհետև կլինեի հերթականը, ով ցանակնում է անել հագուստի հետ կապված շարք։ Ես, իհարկե, չէի դադարում մտածել հետաքրքիր բան, որը կուրախացներ հետևորդներիս ու կլիներ իմ կողմից ստեղծված: Գիտեի, որ բյութի բոքսեր շատ են սիրում, հենց բոքսերի հանդեպ մեծ սերն էլ ինձ դրդեց ստեղծել Հայաստանում առաջին անվանական բոքսը՝ խիստ սահմանափակ քանակով: Վալենտին, սեր, երջանկություն. իմ մոտիվացիայի երեք բառերը, որոնք ինձ պարզապես ստիպեցին ստեղծել տուփիկները հետևորդներիս համար: Տուփերը նախատեսված են և՛ աղջիկների, և՛ տղաների համար:
Իսկ տուփի ներսում աշխարհի ամենահավես նվերներն են: Հայաստանի 10-ից ավելի լավագույն բրենդերից նվերներ յուրաքանչյուր տուփի ներսում»,-
պատմում է Մաշան։
Բլոգերը նաև հավելում է, որ առաջիկայում նոր բոքսեր լինելու են, բայց թե ինչ թեմատիկայով կլինեն դրանք, դեռ չի կարող ասել։

Նշենք, որ մարտի 6-ից «Արմենիա» հեռուստատեսության եթերով կհեռարձակվի «Դեպի ճամբար 2»-ը, որտեղ հանդես կգա նաև Մաշան։ Այն նկարահանվել է «Դեպի ճամբարի» առաջինի եթերաշրջանի հիման վրա, և դերասանուհին կրկին կմարմանավորի բժշկուհու կերպարը։

«Դժվարություններ դերի հետ կապված չեն եղել, սիրով եմ աշխատել, որովհետև շատ լավ թիմ է։ Ամբողջ նկարահանման ընթացքում ապրել ենք ճամբարային պայմաններում։ Ժաննա Բուտուլյանի հետ եմ ապրել մի սենյակում գրեթե մեկ ամիս, ու շատ հետքրքրիր ժամանց ենք ունեցել։ Շատ ենք մտերմացել»,- հիշում է Մաշան։

Հիշեցնենք նաև, որ Մաշան դերասան Գոշի հետ համատեղ հանդես էր գալիս «Կարճ ասած 2» նախագծում, որը շատ է սիրվել ինստագրամյան հետևորդների կողմից։
Նախագծի օնլայն բոլոր թողարկումները հրապարակվում են Մաշի ինստագրամյան էջում։

Դերասանուհին նշում է, որ «Կարճ ասած 2»-ի նկարահանումներին մոտեցել են ավելի պրոֆեսիոնալ կերպով՝ նախագծի վրա աշխատել է ավելի մեծ տեխնիկական ու ստեղծագործական թիմ, իսկ գլխավոր նպատակն այն էր, որ վերջինս չտարբերվի հեռուստատեսային արտադրանքից։

 «Շուտով բոլոր սերիաները մեկ ֆիլմի ձևաչափով կհայտնվեն Յութուբում։ Ես և Գոշը, իսկապես, փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի այն ոչնչով չտարբերվի հեռուստատեսային որակից, բնականաբար եղել են դժվարություններ, եղել են պահեր, երբ իրար չենք հասկացել, բայց ունեինք նպատակ, որին փորձել ենք ամեն կերպ հասնել»,-ասում է Մաշան։

Անդրադառնալով դժվար 2020-ին Մաշան հիշում է «2020-ին սահմանափակվել էին իմ շփումները, ցավոք սրտի կարանտինի պատճառով դարձել եմ ինքնամփոփ։ Այն այնքան է մտել մեր առօրյա կյանք․․․  Հիմա փառք Աստծո գնում ենք դեպի դրականը։ Չեմ հաղթահարել պատերզմական շրջանը, որը մեծ հետք թողեց յուրաքանչյուրիս կյանքում, ամեն անգամ հիշելիս փշաքաղվում ու արտասվում եմ։ Պատերազմը շատ բան սովորեցրեց և հասկացրեց»։

Կիսվելով, թե որն է 2021 թվականի իր գլխավոր երազանքն ու նպատակը՝ Մաշան ասում է, որ այս տարի ամենաշատը ցանկանում է կատարելագործվել իր բնագավառում։
«Այս տարի ցանկանում եմ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել իմ բլոգին, որովհետև բլոգինգը Հայաստանում զարգացնողներից մեկը ես եմ, և ինձ համար մեծ պատասխանատվություն է այդ ամենն անել գերազանց»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան