Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա։ Այս ամենի հետևանքով մազերը վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։
Նման խնդիրների դեմ պայքարի համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, սակայն դրանցից ոչ բոլորն են անվտանգ, արդյունավետ ու հասանելի։ Այնուամենայնիվ հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի մի արդյունավետ բնական միջոց, որը միաժամանակ նաև հասանելի է ու անվտանգ։ Խոսքը մասուրի յուղի մասին է, որը մասնագետները համարում են մազերի աճն ակտիվացնող ու մազաթափությունը բուժող լավագույն բնական միջոցը։
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս յուղն արդյունավետ բնական միջոց է, որն իսկապես դանդաղեցնում է մազաթափության գործընթացն ու զգալիորեն խթանում է մազերի աճը։ Նման ազդեցությունը պայմանավորված է գլխամաշկի վրա մասուրի յուղի ունեցած յուրահատուկ ազդեցությամբ։ Մասնագետների խոսքով՝ մազերի աճը կախված է դրանց արմատների առողջական վիճակից, որոնք էլ ամրապնդվում են մասուրի յուղում պարունակվող օգտակար նյութերի ազդեցության շնորհիվ։ Այդ օգտակար նյութերից հատկապես կարևոր են լիկոպինը, վիտամին С-ն և օգտակար ճարպաթթուները։
Գիտնականները պարզել են, որ մասուրի հյութահանուկում պարունակվող միացությունները կարող են կայունացնել էրիթրոցիտների բջջային մեմբրանները՝ միաժամանակ զգալիորեն բարելավելով մաշկի վիճակը։ Սա նշանակում է, որ մասուրի հիման վրա պատրաստված միջոցներն օգտակար են ոչ միայն գլխամաշկի ու մազերի համար, այլև առհասարակ ամբողջ մարմնի մաշկի համար։