Ամուսնական զույգ․ Ջենիֆեր Գարներն ու Մարկ Ռուֆֆալոն 17 տարի անց կրկին «միասին են» (լուսանկարներ)

Ջենիֆեր Գարներն ու Մարկ Ռուֆֆալոն 17 տարի անց կրկին միասին են, դերասանները միևնույն ֆիլմում հանդես կգան՝ մարմնավորելով ամուսնական զույգի։ «13–ից 30» ֆիլմիում միասին խաղալուց 17 տարի անց դերասանները կաշխատեն միևնույն նախագծում, այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հոլիվուդյան 48–ամյա դերասանուհին և իր խաղընկերն ինստագրամյան էջերում կիսվել են նույն լուսանկարով, որն արվել է նոր The Adam Project ֆիլմի նկարահանման հրապարակում և անդրադարձ կատարել 2004 թվականին էկրան բարձրացած վերանշյալ ֆիլմին։

«Հին ընկերոջ հետ վերամիավորված։ Որևէ մեկը գիտի, թե Կանադայում որտեղից կարող ենք Razzles գտնել», – նկարին կից գրել է 53–ամյա դերասանը։ Razzles–ն այն սառնաշաքարն է, որը սիրում էին «13–ից 30» ֆիլմի գլխավոր հերոսները։ Ֆիլմի բյուջեն 37 միլիոն դոլար էր, իսկ եկամուտը ավելի քան 96 միլիոն։

Նոր ֆիլմում դերասանները խաղալու են Ադամ անունով հերոսի ծնողների կերպարները։ Ադամ դերը մարմնավորելու է Ռայան Ռեյնոլդսը։ Սցենարի համաձայն Ադամը պետք է ճանապարհորդի ժամանակի մեջ՝  վերադառնալով իր 13 ամյա կարգավիճակին և գտնի իր հորը, որպեսզի կարողանա փոխել ապագան։

Հաջորդիվ Ջենիֆերին կարելի է տեսնել Netflix–ի ևս մեկ Yes Day ֆիլմում, որտեղ նույնպես մոր կերպար է մարմնավորում, ով ամուսնու հետ համաձայնության է գալիս միայն մեկ օր այո ասել երեխաների բոլոր ցանկություններին։