Լավագույն բնական դիմակները գարնանն ընդառաջ մաշկը սնուցելու և առողջ փայլ հաղորդելու համար

Առողջ մաշկ ունենալու և մաշկային տարբեր խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ խնամել մաշկն ու սնուցել այն անհրաժեշտ սննդարար նյութերով, սակայն շատերն ուշադրություն չեն դարձնում մաշկի խնամքին, իսկ անբարենպաստ արտաքին միջավայրը, սխալ սնունդը, վնասակար սովորություններն ու օդում և ջրում պարունակվող վտանգավոր տարրերն էլ ավելի են վատթարացնում վիճակը՝ հանգեցնելով տարբեր մաշկային խնդիրների զարգացման։ Ընդ որում՝ խնդիրն էլ ավելի է սրվում գարնանը, քանի որ վերոնշյալ գործոններին է գումարվում նաև ձմռան չոր ու սառը օդը, որը խիստ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա։

Նման դեպքերում մաշկը վերականգնելու, սնուցելու և առողջ փայլ հաղորդելու համար մադիկ սովորաբար հատուկ քսուքներ ու դիմակներ են կիրառում , սակայն շատ հաճախ դրանք պարունակում են ագրեսիվ քիմիական տարրեր, ինչը հանգեցնում է էլ ավելի լուրջ խնդիրների զարգացման։ Բացի այդ, նման միջոցները հաճախ բացարձակ անարդյունավետ են լինում և բավական թանկարժեք, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից և կիրառել շատ ավելի օգտակար ու հասանելի բնական միջոցներ։

Բարեբախտաբար բնությունը տվել է մարդկությանն անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն առողջ, փայլուն ու գեղեցիկ մաշկ ունենալու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն ձմռան ամիսներից հետո սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով, կխոնավացնեն այն և կազատեն մաշկային տարբեր խնդիրներից։ Այս դիմակները պարունակում են միայն բնական բաղադրիչներ, ուստի չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ և օգնում են հասնել ցանկալի արդյունքին շատ կարճ ժամանակահատվածում։

  • Մաշկը թարմացնելու և առողջ փայլ հաղորդելու ամենապարզ միջոցը վարունգով դիմակն է։ Հարկավոր է վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի փոքր թթվասեր, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին։ Թողնել դիմակը 15 րոպե և լվացվել։
  • Զգայուն մաշկը սնուցելու համար հարկավոր է հասած բանանը տրորել ու խյուս դարձնել, ավելացնել մի քանի կաթիլ ձիթայուղ, այնուհետև քսել մաշկին, թողնել որոշ ժամանակ ու լվացվել։
  • Կարմրությունից ազատվելու համար հարկավոր է վաղենակի ու երիցուկի թուրմով կոմպրեսներ կիրառել։ Պարզապես հարկավոր է 1։1 հարաբերակցությամբ խառնել երիցուկի ու վաղենակի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մինչև հեղուկը դառնա սենյակային ջերմաստիճանի։ Թանզիֆե կտորը թրջել այս թուրմով ու դնել այն դեմքին՝ թողնելով մինչև կտորը չորանա։
  • Մաղադանոսի տերևները մանրացնել, տրորել ու խյուս դարձնել, ավելացնել մի փոքր բուսայուղ, այնուհետև քսել խառնուրդը դեմքի մաշկին։ Թողնել դիմակը 20 րոպե, որից հետո լվացվել։
  • Որևէ ցիտրուսային մրգի պտղամսին ավելացնել հավասար քանակությամբ ոչ քաղցր յոգուրտ, քսել դեմքին, թողնել մի քանի րոպե, այնուհետև լվացվել։
  • Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, ավելացնել մի գդալ ծորուն մեղր, այնուհետև քսել խառնուրդը մաշկին։ Թողնել դիմակը 15 րոպե, որից հետո լվացվել։
  • Բանանը տրորել ու խյուս դարձնել, ավելացնել մի գդալ գոլ կաթ, այնուհետև քսել խառնուրդը մաշկին, թողնել 20 րոպե ու լվացվել։