Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ասել է, որ Լոս Անջելես տեղափոխվելով, ինքը և կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը «երբեք չեն հեռացել» արքայական ընտանիքից, այլ ինքն արել է «այն, ինչ կաներ ցանկացած ամուսին կամ հայր»:
Նման հայտարությամբ արքայական ընտանիքի անդամը հանդես է եկել ամերիկացի հայտնի հաղորդավար Ջեյմս Քորդենի հեղինակային The Late Late Show հաղորդման ժամանակ, գրում է Daily Mail-ը:
Հաղորդման ժամանակ Սասեքսի դուքսը մի շարք անձնական հարցերի է պատասխանել ու նույնիսկ ռեփ կարդացել:
Անդրադառնալով Մեծ Բրիտանիայից ԱՄՆ տեղափոխվելուն, ինչպես նաև արքայական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու թեմային, Հարրին նշել է, որ իրականում իրենք ոչ թե հեռացել, այլ «նահանջել են»:
«Լոնդոնում գտնվելու ճնշումը խաթարել էր իմ հոգեկան առողջությունը»,- ընդգծել է Հարրին ու մեղադրել բրիտանական լրատվամիջոցներին «թունավոր» լինելու համար:
Հարրին պատմել է նաև իր որդու՝ Արչիի մասին: Նա, մասնավորապես, նշել է՝ Արչիի առաջին բառը եղել է «կոկորդիլոսը»:
Խոսելով իր և կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հարաբերությունների մասին, Հարրին նշել է, որ վստահ է եղել, որ վերջինս իր կինն է դառնալու երկրորդ ժամադրության ժամանակ:
Հաղորդման ժամանակ Քորդենը տեսազանգով կապվել է նաև Մեգան Մարքլի հետ, որի ժամանակ վերջինս բացահայտել է, որ ինքն իր ամուսնուն դիմում է «Հազ» մականունով:
Քորդենն այս առնչությամբ փորձել է կատակել ու դիմել է Հարրին, նշելով՝ «Հազ, օհ, Հազ… ես չգիտեի՝ հիմա արդեն քեզ այդպես ենք կոչում»: Պատասխանելով Քորդենին արքայզնը ևս կատակել է՝ «Դե, բայց դու իմ կինը չես»:



