Միայն տգետը կարող է շախմատային գերհսկային կորցնելուց հետո չինովնիկական մուննաթ ներկայացնել․ Հովհաննես Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին

Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի Հայստանից հեռանալու և այսուհետ ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես գալու փաստին։

«ԿԳՄՍՆ նոր նախարարը, որի անունը մինչև նախարար դառնալը ոչ մեկին հայտնի չէր ու որին գործից հանելու երկրորդ օրը ոչ ոք չի հիշելու, Աշխարհի կրկնակի գավաթակիր, համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի քառակի հաղթող, արագ շախմատի աշխարհի չեմպիոն, Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն գրոսմայստեր Լևոն Արոնյանին, լրագրողների միջոցով պատասխանել է «նախարարությունը չունի չկատարված պարտավորություն Արոնյանի հանդեպ»։

Էշին փալան չի գալիս, Հայաստանին մշակույթի նախարար։ Մարդը չի հասկանում իր դերն ու առաքելությունը, չի հասկանում, որ ՀՀ քաղաքացիները ամեն անգամ խանութից ապրանք գնելիս 20% ավել են վճարում, իսկ վարձատրվելիս 25% պակաս, որ այդ գումարներով պետական բյուջե լցնեն։ Իսկ կառավարության անդամները ստանում են այդ գումարները, որ արդյունավետ կառավարեն, զարգացնեն երկիրը։ Այսինքն եթե պատասխանատու են սպորտի համար, անեն այնպես, որ ունակ մարզիկները բարձունքներ նվաճեն, եթե մշակույթի համար են պատասխանատու, անեն առավելագույնը, որ տաղանդավոր մարդիկ մնայուն ստեղծագործություններ արարեն։ Համաձայնեք, միայն տգետը կարող է համաշխարհային էլիտայի անդամ, անհատական վարկանիշով աշխարհի 6-րդ շախմատային գերհսկային կորցնելուց հետո չինովնիկական մուննաթ ներկայացնել։

Ձեր՝ մանր, չտես, քաղքենի, անսկզբունք, անչափանիշ չինովնիկներիդ խղճին է մեր Հայրենիքի անկումը, դուք եք էն մարդիկ, ում ամեն օր ՀՀ քաղաքացին իր սեղանից կտրած հացն է տալիս, որ աշխատեք, բայց դուք նույնիսկ սիրողական մակարդակով չեք կարողանում երկիր կառավարել։

ՀԳ․ Ձեր տխմար նախարարությունը մեկ էլ մեր ֆիլմի հանդեպ չունի չկատարած պարտավորություն, մեկ էլ մեր ֆիլմից լափած 60 միլիոնը ձեր քոսոտ նախարարության բկին չի»,- գրել է ռեժիսորը։