Թոմ Բրեդին և Ժիզել Բունդխենը նշում են ամուսնության 12-ամյակը՝ սոցցանցերը ողողելով սիրառատ լուսանկարներով և գրառումներով

Ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեդին և բրազիլիացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդխենը նշում են իրենց ամուսնության 12-ամյակը՝ սոցցանցերը «ողողելով» սիրառատ լուսանկարներով և գրառումներով, գրում է Fox News-ը։

«Շնորհավոր մեր ամուսնության 12-ամյակը։ Կողքիս չէի կարող պատկերացնել ավելի լավ կնոջ, քան դու ես։ Դու ամենասիրելի, հոգատար և վճռական մարդն ես, որին ճանաչում եմ»,- գրել է 43-ամյա Բրեդին՝ հավելելով, որ իրեն բախտավոր է զգում։

Բունդխենն, իր հերթին, լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում՝ կից գրելով․ «Շնորհավոր մեր ամուսնության տարեդարձը, սեր իմ։ Հավատս չի գալիս, որ արդեն 12 տարի է անցել։ Միասին այնքան փորձությունների միջով ենք անցել։ Չկա մեկը, ում բացի քեզնից կցանկանայի ամբողջ կյանքում տեսնել կողքիս»։

Զույգը հանդիպել է 2006 թվականին և ամուսնացել 2009-ին։ Նրանք ունեն 2 երեխա։ Բրեդին նախորդ հարաբերություններից ունի 13-ամյա որդի։