Լիլիթ Մուրադյանն անկեղծացել է հղիության ծանր շրջանի, երկրից որոշ ժամանակով մեկնելու մտքերի և Հանրային հեռուստաընկերության «Առաջին օգնություն» հաղորդաշարում այլևս չլինելու պատճառների մասին:
«Խոստացել էի, որ կպատմեմ հղիությանս ընթացքի մասին, դժվար էր շատ, առաջին իսկ պահից. ռիսկային 3 ամիսներ, վիժման վտանգ և աշխատանքային նկարահանումներով լի շրջան: Կարծես ստավեց հաղթահարել, բայց թե ինչ էի զգում, երբ սկսվեց պատերազմը, չեմ կարող փոխանցել խոսքերով՝ վախ, տագնապ, ցավ, անորոշություն, սարսափ, վիշտ:
Եկավ նոյեմբերի 9-ը, և կյանքը բաժանվեց 2 իրականության՝ մինչև այդ օրն ու դրանից հետո: Այդ հետոն թվում է հարատև: Հաճախ մոռանում էի կարգավիճակիս մասին, ինձ մեղավոր զգալով` չգիտեի, թե ինչ անել»,- Ինստագրամում հետեւորդների հետ կիսվել է նա:
Հաղորդավարուհու խոսքով՝ որոշ ժամանակով երկրից մեկնելու և երեխային Միացյալ Նահանգներում ունենալու մտքեր են ունեցել.«Սակայն կար աշխատանք. ես գերադասեցի մնալ, որքան էլ որ դժվար էր: Հաջորդ հարվածն ամենածանրն էր. ստացա զանգ գործընկերոջիցս, ով ասաց, որ ինձ փոխարինող են փնտրում հաղորդման համար, հետևաբար, այն աշխատանքը, որի համար վտանգել էի երեխայիս կյանքը, չկար: Մեջս դատարկություն էր, բայց հանձնվելու իրավունք չունեի. խոստացա ինձ, որ ինչ էլ լինի, կնշենք Անդրեայի 5 տարեկանը և կպատրաստվենք մեր տղայի ծնվելուն, ամիսները անցան, և մնացել է մեկ օր։ Երևի մենք ավելի ուժեղ ենք, երևի մենք դարձանք ավելի սառը, ավելի ամուր և դիմացկուն: Աստված օգնական բոլորիս»,- եզրափակել է Լիլիթը:
Առաջին ալիքի նոր եթերաշրջանում «Առաջին օգնություն» հաղորդաշարում Լիլիթ Մուրադյանին կփոխարինի Լուսինե Թովմասյանը:
Այս գրառումից հետո Լիլիթն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր հուզված եմ, մի քիչ էլ վախեցած, բայց երբ կողքիս է, ամեն ինչ իր տեղում է, առավոտից մի րոպե չգնաց, գիտի, հենց գնա լացելու եմ, որոշել է տեսնի, որ հաստատ քնած եմ, նոր գնա․ ես ուժեղ եմ իմ տեսակով, բայց երբ Վահեն հեռու է, դառնում եմ դրսում մոլորված երեխա, վաղը մարտի 1-ն է, Աստծով ամեն բան թող լավ լինի, վաղը գարնան առաջին օրն է, իրար ատելու, «թուրք» և «դավաճան» բղավելու փոխարեն, հիշեք, որ բոլորս հայ ենք, նույն մսից և արյունից, խնդրում եմ, հիշեք մեզ հնարավոր չէ հաղթել, երբ միասնական ենք»։