Ուսամա բեն Լադենի որդին սկսել է գեղանկարչությամբ զբաղվել

Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին՝ Օմարը սկսել է նկարչությամբ զբաղվել: Այս մասին նա պատմել է Vice հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ:

Տղամարդը եզրակացնում է, որ իր նկարչական կարողությունը ժառանգել է մորից: Վերջին մեկ տարվա ընթացքում 39-ամյա Օմարը նկարել է մեկ տասնյակից ավելի նկարներ՝ հիմնականում բնանկարներ:

Նկարչի խոսքերով՝ ինքը դեռ պայքարում է հետվնասվածքային և երկբևեռ խանգարումների դեմ, բայց նկարչությունն իրեն օգնել է գտնել իր մեջ նոր աշխարհ:

Օմարը նշել է, որ իր մանկության «միակ ուրախ պահը» հիշողությունն է այն մասին, թե ինչպես են իր մանկության նկարներից մեկը կախել դպրոցական դասարանի պատին:

Տղամարդը նաև պատմել է, որ ինքը երբեք մտերիմ չի եղել իր հոր հետ, որը շատ դաժան էր և ծեծում էր իր որդիներին:

2000 թվականին՝ 18 տարեկան հասակում, Օմարը հեռացել է «Ալ-Քաիդայից» և բազմիցս դատապարտել է իր հոր դաժան գաղափարախոսությունը և խմբավորման ահաբեկչությունները:

Այժմ Օմարն իր կնոջ հետ ապրում է Նորմանդիայում, նրանք ունեն մի քանի ձի:

Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը ծնվել է Սաուդյան Արաբիայում և, ըստ տարբեր գնահատականների, ունեցել է 20-ից 26 երեխա: