Դերասանուհի Լիանա Հակոբյանն այժմ հեռուստատեսային զբաղվածություն չունի։ Լիանան իր ուժերն է փորձում մեկ այլ՝ դերասանության հետ բացարձակ կապ չունեցող ոլորտում։ Իսկ ինչու ոչ․ չէ՞ որ մարքեթինգն էլ է պահանջում քրտնաջան աշխատանք և համոզելու կարողություն։
ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է իր ներկայիս զբաղվածության, նախորդ տարվա դժվարությունների և չեղարկված նախագծերի մասին, ինչպես նաև անդրադարձել իր արտաքին փոփոխություններին, մասնավորապես՝ 24 կգ-ով նիհարելու փաստին։
Նախորդ տարին բարդ և սթրեսային էր գրեթե բոլորիս համար․ մենք հասկացանք, թե ինչ է նշանակում վախենալ սեփական առողջության համար, ապա նաև անհանգստանալ անձնական անվտանգության, կյանքի և հայրենիքի ապագայի համար։ «Ինձ թվում է՝ ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար նախորդ տարին սթրեսային էր և չափազանց լարված․․․ Անգամ չեմ էլ ուզում հիշել, որովհետև 2020-ը, իրոք, բարդ տարի էր մեզ բոլորիս համար։ Դեռ կորոնավիրուսը մի կողմ, երբ փորձում էինք պաշտպանվել, զգուշավոր լինել, բայց դրան հաջորդեց պատերազմը, որի հետ ուղղակի անհնար է համակերպվելը։ Դրանից հետո բնականաբար բարդ էր բնականոն կյանքին վերադառնալը։ Պատերազմի օրերին ես բացարձակ ոչ մի աշխատանքային գործունեություն չեմ ծավալել, այդ պահին ինձ հետաքրքիր չէին ոչ ինստագրամը և ոչ էլ մյուս սոցցանցերը։ Երբ ծանոթանում էի լրահոսին, նոր սթրես էի ապրում, դրա համար էլ փորձում էի ինձ ամեն կերպ հեռու պահել։ Եվ նշեմ, որ մինչև հիմա էլ ինձ մի բան խանգարում է, որ լիարժեք ընկնեմ հունի մեջ և շարունակեմ անել այն, ինչով մինչ այդ զբաղվում էի»։
Դերասանուհին նախորդ տարվա հետ կապված բազմաթիվ աշխատանքային ծրագրեր է ունեցել, որոնք հասկանալի պատճառներով հետաձգվել կամ չեղարկվել են․ «Հետաձգված ծրագրերը գովազդային բնույթ էին կրում, որոնց մի մասը կապված էր նաև արտերկրի հետ։ Կային նախագծեր, երբ արդեն գումարն էլ էր վճարված և ապրանքն էլ ինձ մոտ էր, ամեն ինչ պատրաստ էր գովազդի նկարահանման համար, սակայն պատերազմը սկսվեց, և ես ասացի, որ չեմ կարող մասնակցել դրանց նկարահանմանը, որովհետև իմ երկրում այս իրավիճակն է և ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ»։
Լիանան հույս հայտնեց, որ 2021-ին ամեն ինչ լավ կլինի, և որ մենք կկարողանանք առաջ շարժվել և զբաղվել նրանով, ինչն իրոք կարևոր և արժեքավոր է մեզ համար․ «Իհարկե, ամեն բան հարաբերական է, և շատ բան էլ մեզնից է կախված։ Բայց պետք է առաջ քայլենք ու փորձենք թե՛ զարգացնել մեր երկրի տնտեսությունը , թե՛ ինքներս զարգանալ։ Ես այս պահին ոչ մի պրոյեկտում չեմ նկարահանվում և հեռուստատեսությունից բավականին հեռու եմ, դեռ սպասում եմ նոր և հետաքրքիր նախագծերի հրավերների։ Այս պահին ավելի շատ զբաղվում եմ մարքեթինգով, ինձ այդ ոլորտում եմ փորձում»։
Դերասանուհին բավականին ակտիվ է սոցհարթակներում և մշտապես նոր և հետաքրքիր կոնտենտով է ներկայանում՝ փորձելով չձանձրացնել իր հետևորդներին․ «Ասեմ, որ իմ ակտիվությունը շատ մեծ է եղել այս դեպքերից առաջ։ Բազմաթիվ գովազդներ էի անում, նոր հետաքրքիր լուսանկարներով կիսվում սոցցանցերում։ Պատերազմից հետո իմ ակտիվությունը նվազեց, ու ես այս պահին փնտրում եմ մի հետաքրքիր բան, որով նորից կկարողանամ բարձրացնել իմ էջի ակտիվությունը»։
Եվ վերջում բոլոր աղջիկներին մշտապես հուզող հարց․ ինչպես պահպանել կազմվածքը և ունենալ մշտապես խնամված արտաքին։ Լիանան այս առումով վերջին մեկ տարում նշանակալի արդյունքներ է գրանցել․ «Վերջին տարվա իմ ձեռքբերումներից է քաշի բավականին մեծ կորուստը, ես 24 կիլոգրամով նիհարել եմ։ Եվ այս ընթացքը, երբ ես հեռուստատեսությունից հեռու էի, օգտագործել եմ ինքս ինձ համար։ Ես ինքս էլ գիտակցում էի, որ մեծ քաշ եմ հավաքել, որն ինձ շատ էր խանգարում ։ Ես ամեն ինչ մի կողմ էի դրել և կենտրոնացել առողջ ապրելակերպի, պարապմունքների և սպորտի վրա»,- պատմում է դերասանուհին, ապա մանրամասնում,- «Ես պարապմունքներս սկսել եմ տան պայմաններում, հենց այն ժամանակ, երբ կորոնավիրուսը նոր-նոր սկսում էր տարածվել և փակվում էին բոլոր մարզասրահները։ Կար շրջան, որ անգամ չէինք կարողանում դուրս գալ քայլելու։ Եվ ես հասկացա, որ եթե այդ ժամանակ նստեմ և ոչինչ չանեմ, այլ միայն շարունակ ուտեմ՝ քաշս միայն շարունակելու է ավելանալ։ Այնպես որ մարտից ամեն օր ես երկու ժամ հատկացնում եմ մարզումներին։ Իրականում ես սպորտից այնքան էլ հեռու չեմ, 11 տարի զբաղվել եմ գեղարվեստական մարմնամարզությամբ։ Ես սննդակարգիցս բացառել եմ ամեն տեսակի վնասակար ուտելիքներն ու ըմպելիքները։ Քչացրել եմ իմ սննդի չափաբաժինները ու անպայման պետք է շեշտեմ, որ այնպես չէ, որ դրանից հետո ես սով եմ զգում, ես այդ ամենին արդեն հարմարվել եմ և այդպես ինձ իսկապես ավելի լավ եմ զգում»։
Խոսելով արտաքինի և մշտապես խնամված տեսք ունենալու մասին՝ դերասանուհին նշում է․ «Ես իրականում շատ քիչ եմ օգտվում գեղեցկության սրահներից։ Այսինքն վարսահարդարումը կամ դիմահարդարումը մշտապես փորձում եմ ինքս անել։ Թեկուզ ինչ-որ միջոցառումների գնալիս էլ իմ արտաքին տեսքի համար փորձում եմ ես ինքս պատասխանատու լինել։ Իրականում համավարակի ընթացքը լավ հնարավորություն տվեց մեզ ավելի շատ խնամելու, տարբեր դիմակներից, թերապիաներից օգտվելու համար»։
Նյութը՝ Լուս Ավագյանի