Ռեկորդային բարձր ցուցանիշ․ աշխարհում 3228 միլիարդատեր կա. Hurun Research Institute

Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է 3228-ի, ինչը նոր ռեկորդ է, ասված է Hurun Research Institute-ի հետազոտության մեջ:

Մոլորակի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կապիտալը հունվարի 15-ի դրությամբ 3,5 տրիլիոն դոլարից ավելացել է՝ հասնելով 14,7 տրիլիոնի: Աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը՝ 197 մլրդ դոլար կարողությամբ: Նրան հաջորդում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (189 մլրդ դոլար)։ Երրորդ տեղում LVMH-ի հիմանդիր Բեռնար Առնոն է (114 մլրդ դոլար):

Նրանց հաջորդում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (110 մլրդ դոլար), Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (101 մլրդ դոլար) և Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը (91 մլրդ դոլար): Տասնյակում է հայտնվել նաև շշալցված ջրի արտադրող Nongfu Spring-ի սեփականատեր Չժուն Շանշանը (85 մլրդ դոլար):

Նշվում է, որ Չինաստանն առաջատար է միլիարդատերերի թվով։ Եթե ԱՄՆ-ում բնակվում է 696 միլիարդատեր, ապա ՉԺՀ-ում այդ թիվը 1058 է (259-ով ավելի, քան մեկ տարի առաջ)։ Չինաստանին և ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհի բոլոր միլիարդատերերի կեսից ավելին։ Երրորդ տեղում 177 միլիարդատեր ունեցող Հնդկաստանն է։

Նշվում է նաև, որ կին միլիարդատերերի թիվը հասել է 231-ի, նրանց ավելի քան 60 տոկոսն ապրում է Չինաստանում:

Ռուսաստանը գտնվում է վարկանիշի յոթերորդ հորիզոնականում։ Երկրում բնակվում է 85 միլիարդատեր (նրանց ընդհանուր կարողությունը՝ 393 միլիարդ դոլար)։ Հետազոտության մեջ ասված է, որ ամենահարուստ ռուսաստանցիների համար ամենաշահութաբեր ոլորտը էներգետիկան և մետալուրգիան է: