«Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը կարդալով՝ ամեն մի բջիջով կրկին զգացի  այդ ցավը». Project LA-ի հիմնադիրը՝ զոհերին նվիրված «Ռեքվիեմ» երգի մասին

Վերջերս Project LA-ն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ գրված «Ռեքվիեմ» երգի հիման վրա, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսներին:
Project LA-ի հիմնադիր և երգերի հեղինակ Լևոն Արևշատյանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, թե ինչպես առաջացավ երգի մտահղացումը և ինչ նորություններ ունի խումբն ապագայում:

Լևոն Արևշատյանը նշում է, որ կարդալով Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը կրկին զգաց այն ցավը, որն ապրել ենք բոլորս պատերազմի ընթացքում և ընդամենը մեկ ժամում գրեց այն երաժշտությունը, որը հնչում էր իր մտքում ողջ պատերազմի ընթացքում:

«Պատերազմից հետո՝ դեկտեմբերի 15-ին,  ինձ զանգահարեց  Ավետ Բարսեղյանն ու ասաց, որ գրում է ռեքվիեմ՝ նվիրված  պատերազմում նահատակված այն լույս տղաներին, որոնց հավաքական կերպարը Ալենն է: Ի դեպ, Ալենը  PROJECT LA-ի  մեծ երկրպագու էր, շատ հետաքրքիր, բազմատաղանդ երիտասարդ»,- պատմում է Արևշատյանն ու հավելում,- «Ինձ համար սա շատ ծանր ու միաժամանակ պատասխանատու  խնդիր էր: Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը կարդալով ՝  ամեն մի բջիջով կրկին զգացի  այդ ցավը, որ պատել է բոլորիս: Մեկ ժամ անց երգը պատրաստ էր, և ես  հասկացա, որ պատերազմի ամբողջ ընթացքում  իմ մտքում  հյուսվում էր այս երաժշտությունը, և այն վերջնական միս ու արյուն ստացավ Ավետի հզոր բառերով:
Երգը պատրաստ էր դեկտեմբերի կեսին:
PROJECT LA-ի  բոլոր երաժիշտները,  պրոդյուսերն ու  Գոռը նույնքան պատասխանատվությամբ լծվեցին  երգի ձայնագրման ու թողարկման գործին»:

Քանի որ թեման բավականին նուրբ էր, Լևոն Արևշատյանը պատմում է, որ աշխատանքները բավականին ծանր էին:

«Անշուշտ, շատ ծանր ու պատասխանատու գործ է՝ գրել ռեքվիեմ: Նաև ուզում եմ ընդգծել, որ ինչ էլ անենք՝ քիչ է, միևնույն է չենք կարող ո՛չ հատուցել հերոս տղաների զոհողության համար, ո՛չ էլ ցավը կարող ենք մեղմել: Բայց մենք՝ ողջերս, պիտի վառ պահենք նրանց սխրանքն ու հիշատակը»:

Խոսելով նոր գործերի, ապագա ծրագրերի մասին՝ Լևոն Արևշատյանն ասում է, որ չնայած դժվար ժամանակներին՝ ստեղծագործական նորություններ լինելու են:

«Այս իրավիճակում, իհարկե, դժվար է ստեղծագործել, բայց, ինչպես նշեցի, ամենքս ունենք պարտք՝ նրանց թողած երկիրը պահել ու շենացնել: Պիտի շարունակենք արվեստ տարածել:

Առաջիկայում ունենք համերգ, որին առաջին անգամ կհնչի ռեքվիեմը: Կհնչի այնպես, կարծես նվագում ենք Ալենի ու նրա նման տղաների համար. կզգանք նրանց ներկայությունը  մեր կողքին ու  հուսամ  արժանի կլինենք նրանց ՝ մեզ պարգևած խաղաղ կյանքի համար»:

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան