Արցախի մասին ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի Forum Extended ծրագրում

Մարտի 1-ից մեկնարկել է եվրոպական կարևորագույն՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնը, գերմանական կինոֆեստի ինքնատիպ մթնոլորտը սիրող կինոլրագրողների և կինոքննադատների համար խիստ անսովոր՝ օնլայն ձևաչափով։ Միայն գլխավոր մրցութային ծրագրում ներկայացված է 15 ֆիլմ, սակայն Berlinale-ի երկորդական ծրագրերը բազմազան են, բայց ոչ անկարևոր. հիմնական մրցույթին զուգահեռ Forum և Panorama սեկցիաներում ներկայացված նմուշները նույնպես դիտվելու են կինոմամուլի կողմից գլխավոր մրցույթին հավասար։

Forum Extended ծրագրում առկա է 2 ու կես ժամանոց վավերագրական ֆիլմ՝ Արցախում բնակվող մեծերի և փոքրերի մասին, որը նկարահանվել է 2020-ի պատերազմից առաջ՝ դեռևա 2007-ին, խաղաղ և լուսավոր Շուշիում և Ստեփանակերտում, սակայն արտադրվել է այս տարի։ Ֆիլմի ռեժիսորներն են պաղեստինցի Այրին Անաստասն ու իրանցի Ռենե Գաբրին, որոնք ապրում և ստեղծագործում են Նյու Յորքում։ Գաբրին ու Անաստասն անձամբ են նկարահանել ֆիլմը, իսկ Գաբրին բոլոր արցախցիների հետ շփվում է հայերեն, թեև կադրում չի երևում։

Վավերագրողներ Այրին Անաստասի և Ռենե Գարբիի արցախյան ֆիլմը ստեղծվել է դեռևս 2007 թվականին արված զրույցների, ճամփորդությունների, հետազոտությունների և հարցուփորձերի հիման վրա։ Հայկական Շուշիում և Ստեփանակերտում բնակվող արցախցիները պատմում են սեփական առօրյայի, անցյալի, վախերի, ցանկությունների, երազանքների և խնդիրների մասին՝ շատ հաճախ հստակ չկարողանալ ճիշտ բառեր գտնել ներաշխարհը հանելու և ուրիշներին ներկայացնելու համար։ Եվ հարկավոր էլ չէ. իրենց փոխարեն խոսում են ֆիլմի ռեժիսորները, որոնք 2 ու կես ժամանոց արցախյան հողն ու սարերը մասնատում են ինչպես տեղացիների անշուք և կենցաղով, այդպես էլ սեփական պոետիկ և փիլիսոփայական վերլուծություն-համեմատություններով։ Հեղինակները բարձրաձայնում են պատմական և մարդաբանական հարցեր՝ ի՞նչ է գաղութացումը, որտե՞ղ է տունը, ինչի է նման անվերջ փնտրտուքների մեջ գտնվող մարդը կամ ինչպես է հնարավոր զերծ մնալ պատերազմներից։ Բազմաթիվ մտքեր, որոնցից շատերը պտտվել են հայաստանցիների, արցախցիների, պաղեստինցիների կամ սիրիացիների լեզվի ծայրին և որոնք ձև են ստացել բառախաղ հիշեցնող արցախյան վերնագրում, որտեղ անդադար հնչում է Բախ, մեզ հարազատ բարբառն ու ֆիլմի ստեղծողների կողմից անգլերեն ձևակերպած հռետորական հարցերը։