Բուկինգհեմյան պալատը հետաքննություն է սկսել Մեգան Մարքլի ոչ պատշաճ վարքի վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիայի թագավորական տան աշխատակիցներին ծաղրելու և անհարգալից վերաբերվելու մեղադրանքների կապակցությամբ Բուկինգհեմյան պալատը հետաքննություն է սկսել, թագավորական պալատի տարածած հաղորդագրությանը հղումով՝ գրում է Insider-ը։

«Մենք ակնհայտորեն մտահոգված ենք The Times թերթի՝ Սասեքսի դքսուհու և նրա նախկին աշխատակիցների հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններով։ Համապատասխանաբար, մեր կադրային թիմը կուսումնասիրի հոդվածում շարադրված լուրերի իսկությունը»,- ասված է պալատի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «թագավորական ընտանիքն արդեն մի քանի տարի է՝ վարում է աշխատավայրում  ծառայողների արժանապատվությունը հարգելու քաղաքականություն և չի հանդուրժում և չի հանդուրժի աշխատավայրում ահաբեկումներն ու ճնշումները»:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ The Times թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ դքսուհին ծաղրել է երկու բարձրաստիճան աշխատակիցների:

Ըստ The Times թերթի անանուն աղբյուրի, որն աշխատել է թագավորական ընտանիքում, Մեգան Մարքլը «նվաստացրել» է իրենց և նույնիսկ շատերին իր վարքագծով ստիպել է «արտասվել»։

Սասեքսի դուքսի և դքսուհու ներկայացուցիչները հերքել են մեղադրանքները։

«Պատահական չէ, որ դքսուհու հեղինակությունը խարխլելուն ուղղված խեղաթյուրված մեղադրանքները բրիտանական ԶԼՄ-ները հնչեցնում են այն ժամանակ, երբ նա և դուքսը պետք է բացահայտ և ազնվորեն պատմեն վերջին տարիների իրենց կյանքի մասին»,-ասված է նրանց մամուլի քարտուղարի հայտարարության մեջ՝ նկատի ունենալով զույգի՝ հաղարդավորուհի Օփրա Ուինֆրիին տված անկեղծ հարցազրույցը, որը եթեր կհեռարձակվի առաջիկա օրերին։