Ֆիլիպ Կիրկորովը Դավային խոստացել է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։

«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», – ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», – ասել է Դավան։

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։