Ինչպես ծաղկեփնջի օգնությամբ Մարտի 8-ին աղջկան սեր խոստովանել

Կարմիր վարդերով ծաղկեփունջը սիրո և հուզականության նշան է, այն մեծ սեր է խորհրդանշում, բաց գույնի վարդերը` դեկորատիվ բաղեղանման խոտով զարդարած, ընկերական կապվածության, հարգանքի, համակրանքի նշան են, մուգ կարմիր վարդերը կարող են ակնարկել խորը և կայուն զգացմունքների մասին, խառը ծաղիկներով ծաղկեփնջերը կպատմեն ընտրյալի նկատմամբ հույզերի բազմակողմանիության մասին, ՌԻԱ Նովոստիի հարցախույզի ժամանակ ասել են էթիկետի գծով փորձագետները։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Այն համարվում է գարնան, կանացի գեղեցկության, նրբության և կնոջ նկատմամբ ուշադրության օր, անկախ նրա կարգավիճակից ու տարիքից։

«Ծաղկեփունջն անկասկած կարող է արտահայտել նվիրողի զգացմունքները։ Օրինակ` կարմիր վարդերը սիրո խորհրդանիշ են։ Բաղեղանման դեկորատիվ խոտով զարդարված նուրբ վարդերը` ընկերական կապվածություն ու սեր են։ Որքան վարդերը մուգ են, այնքան տղամարդու զգացմունքն ավելի կրքոտ է», – ասել է էթիկետի մասնագետ, պատմաբան, գրող Էլեոնորա Բասմանովան։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ աղջիկներից շատերը սիրում են Մարտի 8-ին որպես նվեր գարնանային ծաղիկներ ստանալ՝ կակաչ, հակինթ, մանուշակ, քանի որ այդ ծաղիկները խորհրդանշում են անցում ցրտաշունչ ձմռանից դեպի թարմ ու ջերմ գարուն։ «Այդ ծաղիկները ևս քնքշություն են խորհրդանշում ընտրայլի նկատմամբ», – հավելել է Բասմանովան։

Ժամանակակից էթիկետի մասնագետ Տատյանա Բարանովան իր հերթին համաձայնել է, որ ուժեղ զգացմունքները կարելի է փոխանցել կարմիր վարդերի օգնությամբ, կամ կարմիր գույնը ծաղկեփնջի ձևավորման ժամանակ պետք է գերակշռի։ «Քանի որ մեզ համար, մեր մշակույթի համար, այն հուզականության, կրքի, ուժեղ զգացմունքների նշան է», – ասել է Բարանովան` նշելով, որ նման ծաղկեփնջեր գործընկեր կնոջը (նույնիսկ մեծ համակրանքի դեպքում) նվիրելը կոռեկտ չէ։

Փորձագետի կարծիքով՝ ցուցադրել սիրահարվածությունը, միաժամանակ այնպես անել, որ աղջիկը չկարծի, որ դա պարզապես ունիվերսալ բաց գույնի ծաղկեփունջ է, բավական դժվար է։ Շատ բան կախված է տղամարդու երևակայությունից, չէ՞ որ ծաղկեփունջը պետք է նաև նրան դուր գա։

«Թող այդ ծաղկեփնջի հիմնական գույները լինեն բաց-նուրբ-վարդագույն` մի քանի կարմիր վարդերով համեմված։ Այսինքն` շեշտը չդնել նրա վրա, որ ծաղկեփնջում միայն կարմիր կամ վարդագույն վարդեր են, թող տարբեր լինեն», – եզրափակել է Բարանովան։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տղամարդը պետք է հստակ գիտակցի, որ այդ ծաղկեփունջը խոսում է իր զգացմունքների մասին։