«Վերջին անգամ ինձ հետ էր խոսել․․․»․ Նարե Համբարձումյանը՝ զոհված ընկերոջ մասին

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի կինը՝ հեռուստահաղորդավարուհի Նարե Համբարձումյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մարտի դաշտում զոհված  իր մտերիմ ընկերոջ մասին։
«Կռիվն ավարտվեց: Ամիսներ, սարսափելի օրեր առանց լուրի ու լռության մեջ աղոթքով սպասել ենք քեզ,  ու սպասում ենք, որովհետև դու կաս ու կլինես մեր մեջ, սրտում, մտքում, հոգում…
Գագս վերջին անգամ ինձ հետ էր խոսել, տարեդարձս շնորհավորեց հոկտեմբերի 2-ին` գիշերը` ուղիղ ժամը 12:00ին. թե բա` քեզ համար սալյուտ ենք խփում Նարս…
Գագի լուսավոր ու յուրահատուկ տեսակը շատերի համար օրինակ էր, կյանքը եռում էր երակներում:
Գա՜գս, Մի՜նչս քո խոսքը, քո երգը, քո խրատն ու ձայնը միշտ ինձ հետ կլինի, ես սպասելու եմ քեզ, մե՜նք սպասելու ենք քեզ…»,– գրել է Նարեն ու հավելում, որ Գագիկը բանակում գիրք է գրել իր հինգ ընկերների մասին, որտեղ իր գլխավոր երազանքն էր պահպանել ընտանիք դարձած ընկերությունը։
Նարեն անգամ մեջբերում է կատարել այդ գրքի վերջաբանից․ «Սա իմ ապրելու առաջին և վերջին փորձն է: Թույլ տվեք, որ ես իմ ՀԻՆԳԸ ունենամ ու տանեմ այն մինչև կյանքիս վերջ, որպես ամբողջ կյանքիս ամենալուսավոր կետ» :
Անասելի ցավը կոկորդին, որը երբեք, երբեք կուլ չի գնա, Նարեն պատմում է, որ Գագիկը  շտաբում էր անցկացնում ծառայությունն ու վերջերս էր ստացել սերժանտի կոչումը: Պատերազմի առաջին օրվանից սկսած չի կամեցել մնալ շտաբում ու մեկնել է առաջնագիծ՝ մենակ չթողնելով ընկերներին։ Ոչ մի րոպե, ոչ մի քայլ չի նահանջել իր դիրքերից ու մնացել կանգուն,պահելով հայրենիքը։
«Դու հիմա ավելի ապահով տեղում ես, կռվից, կեղծից, ստից, չարից հեռու…իսկ մենք՝ քո 5-ը, միշտ քեզ հետ, դու՝ մեր 5-ը կիսատ թողած ու կոտրած…Բայց իրարով ու միշտ միասին! Մենք քեզ բացակա չենք դնելու, ներկա ես ամեն օրվա մեջ, ինչպես ամիսներ առաջ էր, ինչպես միշտ էր…
Սիրում ենք ու անսահման կարոտում…
Բացդ երբեք չի լրացվի…
Ննջիր խաղաղ Մինչս»,– եզրափակել է իր խոսքը Նարեն։