Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցից ժամեր անց լուսանկարիչ Միսան Հարիմանը նոր լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա առթիվ, հայտնում է Daily Mail–ը։
Լուսանկարում Սասեքսի դքսուհին գրկել է առաջնեկին, իսկ դուքսը կանգնած է նրանց թիկունքում։ Լուսանկարն արված է այն նույն ծառի դիմաց, որտեղ արվել Էր նախորդ ամիս հրապարակված այն լուսանկարը, որով զույգը հայտարարել էր երկրորդ երեխային սպասելու մասին։
Լուսանկարում 39–ամյա դքսուհին կրում է ծաղկավոր երկար զգեստ, և ինչպես նախորդ լուսանկարում, այս մեկում նույնպես զույգը ոտաբոբիկ է։
Ենթադրվում է, որ լուսանկարն արվել է նույն օրը, սակայն նախկինում չի հրապարակվել. լուսանկարիչն այն հրապարակել է՝ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա առթիվ և գրել․ «Ինչպիսի հրաշալի նորություն Կանանց միջազգային օրը տոնելու համար։ Շնորհավորում եմ, ընկերներ, և բարի գալուստ «աղջիկների հայրիկների ակումբ»»։ Սրանով լուսակնարիչն ակնարկել է, որ արքայազն Հարին աղջիկ երեխա է ունենալու:
Միևնույն ժամանակ պապարացիները Լոնդոնում նկատել են թագավորական ընտանիքի ավագ անդամներից Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին և Քորնոուլի դքսուհի Կամիլա Փարկերին, որոնք դեմքի մռայլ արտահայտություն են ունեցել։
Հիշեցնենք, որ Օփրահ Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցի ընթացքում, Սասեքսի դքսուհին նշել էր, որ թագավորական ընտանիքի ավագ անդամները բրիտանական մամուլի միջոցով իր մասին կեղծ պատմություններ էին տարածում այն ժամանակ, երբ զույգը դեռևս թագավորական ընտանիքի ավագ անդամի դիրք էր զբաղեցնում։
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին դեռևս չեն մեկնաբանել հարցազրույցի ընթացքում հնչած արտահայտությունները՝ փոխարենը նրանք հրապարակումներ են արել՝ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա և Ազգերի համագործակցության օրվա առթիվ։
Հարցազրույցի ընթացքում արքայազնը նշել է, որ թագավորական ավագ անդամի պարտավորություններից հրաժարվելու մասին զույգի հայտարարությունից հետո թագուհի Էլիզաբեթ 2–րդը նրանց հրավիրել է Սանդրինգհեմ, սակայն ավելի ուշ չեղարկել է հրավերը։ Արքայազնը շեշտել է, որ նույնիսկ թագուհին է ենթարկվում նրանց, ովքեր ղեկավարում են թագավորական ընտանիքը։
Խոսելով Մեծ Բրիտանիան լքելու պատճառների մասին՝ արքայազն առաջին տեղում նշել է ռասիզմը և պատմել թագավորական ընտանիքի անդամներից մեկի հետ զրույցի մասին, որի ինքնությունը, սակայն, չի բացահայտել։
Հիշեցնենք, որ առաջին ծավալուն հարցազրույցում, որի ժամանակ ամուսինները ներկայացրել են թագավորական ընտանիքում ապրած ժամանակահատվածի ծանր պահերը, Մեգան Մարքլը խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:
2021 թվականի փետրվարին Բուկինգհեմյան պալատը հաստատել է Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց: