Սիրանուշ Լազյանը՝ մարտի 8-ի անակնկալի, ուղեղի ցնցում տանելու և որդի ունենալու թեման կատեգորիկ փակելու մասին

Շոուբիզնեսի, թերևս ամենաներդաշնակ զույգերից մեկը. Սամվել Դանիելյան և Սիրանուշ Լազյան: Նայելով այս ընտանիքին, պարզապես հեռվից էլ նկատելի է դառնում նրանց անսահման սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ: Showbiz.am-ի հետ զրույցում Սիրանուշը պատմում է որդի ունենալու թեման կատեգորիկ փակելու, մեկ տարի առաջ մահից փրկվելու մասին և իր կյանքի այն դրվագների մասին, որոնք հաճախ չեն բարձրաձայնվել:

 

 

Մարտի 8-ին Սամվելը քվեստ էր պատրաստել ինձ ու երեխաներիս համար

Բավականին դժվար օր էր, որովհետև հանդես եկա «Հիշիր վաղվա օրը» ներկայացման մեջ, որը  մարտի 8-ին ծանր էր խաղալը․ ներկայացման մեջ պատմությունը երեխաների ու ծնողների հարաբերությունների մասին էր, թե ինչպես են երեխաները ծնողներին թողնում միայնակ և մարտի ութով խեղճ կինը մենակ է մնում բեմում։
Բայց Սամվելը շատ գեղեցիկ անակնկալ արեց։ Ինձ ու աղջիկներիս նվերներ էր գնել ու քվեստ էր պատրաստել, միասին փորձեցինք գտնել այդ նվերները։ Ինձ օծանելքի է նվիրել, որը շատ է դուր եկել ինձ։
Ներկայացումից հետո ընկերներս նույնպես անակնկալ արեցին։

Մի քիչ էլ «մամայամանիայով» եմ տառապում

Իհարկե, ես այն  տարիքում եմ, որ դժվար եմ ընկալում երեխաներիցս առանձին մարտի 8 նշելը, որովհետև երևի մի քիչ էլ «մամայամանիայով» եմ տառապում, բայց միամսյակը դեռ շարունակվում է և անակնկալներ դեռ կլինեն։
Աղջիկներս շատ են սպասում այս օրվան։ Փոքրս շատ ռոմանտիկ է, միշտ ինձ, տատիկին գեղեցիկ անակնկալներ, բացիկներ է մատուցում։ Մարտի 8-ը նշեցինք հենց կեսգիշերին։
Գիշարզգեստ, անձրևանոց ենք նվիրել փոքրիկ դստերս, իսկ մեծին՝ միայն գրքեր, որովհետև նա սկսել է շատ կարդալ արկածային գրականություն ու ինքն էլ է միայն գիրք ցանկանում նվեր ստանալ։
Չենք սպասում, որ տոն լինի նոր նվերներ տանք:
Եթե տանն ենք լինում, այդ ժամանակ նրանց համար նվերների տեղատարափ ենք կազմակերպում։

Երևի այն, որ ես լավ մայր եմ, ինձ կանացի է դարձնում ու ավելի է բարձրացնում Սամվելի աչքին

Երևի ես իմ պարտականությունները որպես մայր ճիշտ եմ կատարում, որն ինձ դարձնում է կանացի։
Անկեղծ ասեմ, ես ինձ այդքան էլ չեմ հետևում որպես կին, բայց իմ մեջ կանացիությունը շատ է։ Ենթադրում եմ՝ որպես կին, տնային տնտեսուհի, աշխատող մայր, հասցնում եմ շատ բաներ։
Կարող է մի քիչ ավանդական բան եմ ասում, բայց երբ ընտանիքում մեծերը՝ սկեսուրն ու սկեսրայրը, քեզ հարգում են, դա շատ է բարձրացնում քեզ ամուսնու աչքին։

Երախտապարտ եմ սկեսուրիս

Մենք մեր տան մեջ հիմա երեք սերունդ ենք, առաջ չորս սերունդ էինք, ունեինք նաև տատիկ։ Այդ ժամանակ գուցե ավելի դժվար էր, բայց ես ու սկեսուրս ամեն բան անում ենք, որ մեր աշխատելու հետևանքով երեխաների մոտ ոչինչ չտուժի։
Սկեսուրիս մոտ էլ առաջնայինը երեխաներն են, ու ինքն ամեն բան անում է, որ նրանց համար լավ լինի։ Ինքը առողջություն չունի. Բայց, միևնույն է, ամեն բան անում է, որ երեխաների մոտ ինչ-որ բան չտուժի։ Ես ուղղակի երախտապարտ եմ նրան։

Այդ ամենը փակում է բոլոր այն թեմաները, որոնք կարող էին մի փոքր ինձ նյարդայնացնել, իսկ ո՞վ ասաց, որ ես համերաշխ կարող էի ապրել իմ մայրիկի հետ։ Ես իրատես եմ ու նորմալ եմ նայում այդ ամենին։
Մենք լավագույն մարտի 8-ը ունեցանք, որովհետև լավագույն մարտի 7 -ը նվիրեցինք սկեսուրիս՝ անակնկալներ մատուցելով։ Հավասարության մեջ ենք, կարծում եմ՝ ճիշտ ենք անում։
Օրինակ՝ սկեսրայրս վատառողջ է, ես միշտ հիշեցնում եմ նրան բժշկի գնալու մասին, նույնիսկ մեկ-մեկ չափից դուրս շատ եմ հիշեցնում, բայց ցանկանում եմ, որ լավ լինի։

 

 

Ես որպես հարս լավ աղջիկ եմ, բայց իմ մոր համար, գուցե, լավ աղջիկ չեմ

Լավ աղջիկ չեմ մորս համար, որովհետև ուշ-ուշ եմ իրեն այցի գնում, հաճախ չեմ զանգում, ընդունում եմ, որ լավ աղջիկ չեմ, բայց իմ մայրը հպարտ է, որ ես լավ հարս եմ։ Մայրս միշտ ասում էր՝ այն ընտանիքը, որտեղ հարս ես գնում քո իրական ընտանիքն է։
Ես ավանդական ընտանիքում եմ մեծացել։ Հիմա ներողություն եմ խնդրում մայրիկիցս, ու համոզված եմ՝ ինքը կհասկանա ինձ։

5 ամիս մայրիկիս խաբել եմ․ իրենք չէին կարծում, որ կարող է լինել բարոյական դերասանուհի

Ես շատ եմ խաբել մայրիկիս․ երիտասարդ տարիքում, երբ դեռ բժշկական ուսումնարանում էի սովորում, արդեն մի քանի ամիս ընդունվել էի թատրոնում պետական աշխատանքի, բայց քանի որ մայրս չէր ցանկանում, որ ես դերասանուհի դառնամ, ստում էի նրան։ Այնքան էի խաբել, որ հետո որոշեցի ամբողջ կյանքում չխաբել։ Անգամ փոքրիկ սուտ չեմ կարողանում ասել։
Մայրս, եղբայրս դեմ էին, որ ես դերասնաուհի դառնամ, իրենք չէին կարծում, որ կարող է լինել բարոյական դերասանուհի։
Հետո մի ներկայացում այնքան լավ խաղացի, որ պարոն Ղազանչյանն ասաց՝ գնա դիմումդ գրիր, և այդպես ընդունվեցի թատրոն։
5 ամիս մայրիկիցս թաքուն պահեցի։ Եղբայրս ու քույրս արդեն ուսանող էին, և ֆինանսապես չէին հասցնի, որպեսզի ես էլ սովորեմ։ Բայց հասա իմ ուզածին։
Թիկունք չունեի, ինստիտուտ չթողեց ընդունվեմ հորեղբայրս, զուտ նրա համար, որ առանց հայր երեխա էինք, մտածելակերպի խնդիր կար։

Սամվելի հետ 6 ամիս շփվում էինք, որպես լավ ընկերներ, ու հանկարծ ասաց, որ իր ծնողները պետք է գան մեր տուն․ այդ օրը հասկացա, որ պետք է նշանվեմ

Առհասարկ շուտ ամուսնացա, բայց մայրս ասում է, որ եթե հասունանայի, կարող էի մինչ օրս էլ ամուսնացած չլինեի։ Դա գալիս է այն մանկական բարդույթից, որ մենք մի քիչ վատ ենք ապրել, առանց հայր ենք մեծացել։

Սամվելի հետ շատ լավ ընկերներ էինք, թատրոնի ընկերներիս բերում էի մեր տուն, որպեսզի մայրիկս հասկանա՝ մեր թատրոնում Ղազանչյանը բարոյականությունը դնում է առաջին տեղում։
Սամվելն իձն ազատեց իմ բարդույթներից։ Պետք է գնայի շրջագայության, բայց Անգլիայի դեսպանատունը մերժեց, ինչն էլ Սամվելի համար ճակատագրական եղավ, որովհետև այդ երկու շաբաթվա ընթացքում, երբ սպասում էինք պատասխանի, մենք շատ մտերմացանք, մեխանիկորեն ստացվեց ամեն ինչ։
6 ամիս շփվում էինք, որպես լավ ընկերներ, ու հանկարծ ասաց, որ իր ծմնողները պետք է գան մեր տուն․ այդ օրը հասկացա, որ պետք է նշանվեմ։ Ժամանակ չունեինք հարսանիք կազմակերպելու, ես իմ ոտքով գնացել եմ իրենց տուն։

Սուտ է, որ ամուսնությունից հետո սերը մարում է

Սամվելը միշտ իմ կողքին է, այս ծանր օրերից հետո մեր սերն ավելի է ամրանում։ Մեր ամուսնության 15 ամյակից 1 օր հետո սկսվեց պատերազմն, ու քանի որ ես առաջին պատերազմի ժամանակ հայր էի կորցրել, շատ ծանր տարա այն, եթե Սամվելը կողքիս չլիներ, չգիտեմ ինչպես կկարողանայի հաղթահարել դա։

«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունն առաջին անգամ ինձ ասել է մեր հարսանիքի 10-ամյակին։ Մեկ էլ ընկերության տարիներին է ասել։ Այդ բառերը շատ չենք ասում, այն պահերին ենք ասում, երբ դրա կարիքը զգում ենք։
Ես դժվար եմ արտահայտվում, այդ թեմաներով շատ չեմ խոսում, բայց այն, որ ես 15 տարի է, ինչ նրա կողքին եմ, դա ամենամեծ ապացույցն է, որ ես նրան սիրում եմ, քանի որ մենք բավականին դժվար ճանապարհ ենք անցել միասին։ Սուտ է, որ ամուսնությունից հետո սերը մարում է, մեզ մոտ այն ավելի է ուժեղանում։
Օրինակ՝ երբ առավոտյան արթնանում ու գեղեցիկ նախաճաշ եմ պատրաստում, այդպես ցույց եմ տալիս, որ այսօր էլ  ավելի շատ եմ քեզ սիրում, քան երեկ, ու այդպես շարունակ։

 

Դիպլոմ չունենալու կոմպլեքսն իմ կյանքում կա

Համալսարան այդպես էլ չընդունվեցի, չնայած Աստված մի քանի անգամ տվել է այդ հնարավորությունը, բայց միշտ ինչ-որ բան խանգարել է։ Կյանքն ինձ ապացուցեց, որ շատ կարմիրդիպլոմավորներ կան, ովքեր նույնիսկ բեմի զգացողություն չունեն․ իմ պրակտիկան ու ավագ սերունդը իմ կողքին է եղել ու ուղղություն է ցույց տվել։
Երբ 2015 թվականին պետք է ընդունվեի, Հակոբ Ղազանչյանը կուրս էր հավաքում, այդ տարի ստացա «Արտավազդ»՝ որպես լավագույն, երիտասարդ դերասանուհի։ Թատերական աշխարհում բոլորը ծիծաղում էին, ասում էին՝ ինչ ես անում համալսարանը։
Իհարկե, դիպլոմ չունենալու կոմպլեքսն իմ կյանքում կա, բայց ես ինձ վրա շատ եմ աշխատել։
Սամվելը խոսք է տվել, որ երբ ինքը կուրս հավաքի, կընդունվեմ։ Երևի 50 տարեկանում վերջապես կունենամ այդ դիպլոմը։
Ես լրագող էի ցանկանում դառնալ, բայց  հորս ընկերները՝ պատերազմի մասնակից, չթողեցին, ասացին, որ ես կբզբզամ հորս թեման, ու չստացվեց այդպես։

Կցանկանամ, որ աղջիկներս այնպիսի աշխատանք ունենան, որ լավ ապրեն, բայց ազատ են իրենց ընտրության մեջ

Աղջիկներիս շատ ազատ կթողեմ, օրինակ՝ ավագ դուստրս շատ սուր աչք ունի և որոշել է դառնալ ռեժիսոր։ Իհարկե, չեմ ցանկանա, որովհետև կնոջ համար այդ մասնագիտությունը շատ դժվար է։ Նա լավ մաթեմատիկա գիտի, լավ պատմություն գիտի, կարող է լավ գումար բերող գործ ունենալ։

Փոքր աղջկաս ոչ մի բան չեմ կարողանա ասել․ հիմա նա ցանկանում է դերասանուհի դառնալ։ Չեմ ցանկանում նրա միջից դա հանել, որովհետև ես էլ եմ այդպիսին եղել, իմ միջից փորձել են հանել, և դրա արդյունքը ես գիտեմ։
Կցանկանամ, որ այնպիսի աշխատանք ունենան, որ լավ ապրեն։

Չեմ ցանկանա, որ աղջիկներս նեղացնեն ինձ այնպես, ինչպես ես մորս

Չէի ցանկանա ինձ հետ նման կերպ վարվեն։ Միշտ ասում եմ, ինչ ցանկանում եք՝ արեք, բայց չխաբեք։ Չեմ ցանկանա այնքան խիստ լինել, որ երեխաներս ինձ խաբեն, բայց չեմ էլ ցանկանա, որ իմ տված ազատությունը լպիրշության վերածվի, չնայած ես և՛ եղում եմ, և՛ դեղում։
Իմ մոր խստության պատճառն այն իրավիճակն է եղել, որը նա վերապրել է։ Հայրիկս անհետ կորած է եղել, պատերազմից հետո մայրս 10 տարի չի ապրել, անընդհատ սպասել է, շատ դժվար օրեր ենք ունեցել։ Երբ մայրս չէր ցանկանում, որ դերասանուհի դառնամ, ասում էր՝ քեզ համար չեմ ասում, ուղղակի եթե հայրդ պատահական գա, դու պետք է իդեալական լինես։ Իսկ ես գիտակցում էի, որ նա չի գալու։
Ես ուզում էի լրագրող դառնալ ու շատ բան ուսումնասիրել էի, շատ բան գիտեի, որ մայրս չգիտեր, ու չէի սպասում։

Քանի որ տանը աղջիկները շատ են, Սամվելը ստիպված է շատ բաների դիմանալ

Սամվելը դիմանում է այն հանգամանքին, որ արթնանում է ու հողաթափերն իր լինում են դարակում, սկեսրայրս նույնպես։
Սամվելը դիմանում է ժավելի հոտին․ այդ մաքրասիրությունն ինձ մոտ ծայրահեղ է, ամեն բան իր տեղում պետք է լինի։ Մի քիչ գժական բաներ ունեմ, բայց դիմանում են։

Որդի ունենալու թեման կատեգորիկ փակված է

Մտքեր կային որդի ունենալու, որ Սամվելը միայնակ չլիներ, քույրիկներն էլ եղբայր ունենան, բայց հիմա պետք է իրատես լինենք՝ երկրի վիճակից ելնելով։
Վատ կարող է հնչել, բայց ես հայր եմ տվել պատերազմին, բավարարվենք այդքանով։ Ես այլևս չեմ ապրի այդ վախով։ Հիմա կատեգորիկ այդ թեման փակել եմ։
Իսկ արտագաղթելու մտքեր երբեք չեն եղել, բացարձակ։ Գուցե առողջական խնդիրները հասցնեն նման բանի։ Մենք ունենք ճակատագիր, որը պետք է ապրենք։

Առողջական լուրջ խնդիր ունեցա անցյալ տարի․ հայտնվել էի այն աշխարհում

Ինձ վախեցնում են միայն առողջական խդնիրները․ անցյալ տարի սկեսրայրիս ինսուլտ խփեց հենց իմ ներկայությամբ ու նրան կորցնելու վախը իմ մեջ մտավ։
Ես՝ ինքս, առողջական լուրջ խնդիր ունեցա անցյալ տարի, աստիճաններից ընկա մեջքի վրա, ուղեղի ցնցում տարա։ Ուշաթափվելս երկար էր տևել, ես հայտնվել էի այն աշխարհում, հետո արթնացել եմ, ու հիշել եմ, որ մահացած հայրիկիս ու պապիկիս մոտ էի։ Երբ արթնացա, զգացի հաշմանդամ մնալու վախը, որովհետև այդ պահին ոտքերս չէի զգում։ Հասկացա, թե որքան փխրուն է կյանքը։

Իմ գլխավոր երազանքն է ապրել խաղաղ, անկախ Հայաստանում, որպեսզի պատերազմի թեման չլինի երբեք։ Որովհետև մանկությունից ես ապրում եմ այդ թեմայում, ուզում եմ  խաղաղ ապրել։ 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան