Բոլորը կգնան առաջ, դուք կմնաք ձեր տեղում, մենակ կենացներ կասեք ու կերգեք «Իմ Գետաշեն»․ Էդգար Բաղդասարյան

Օրերս իր ծննդյան 57 ամյակը նշեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ Իր ծննդյան օրվա մասին խոսելիս ռեժիսորը նշում է, որ այն այքան էլ չի սիրում, քանի որ բան չի հիշում՝ բացի իր ֆիլմերից․ «Հիշում եմ միայն, որ չորս տարի այս ֆիլմի վրա եմ ծախսել, երեք տարի այս մեկի վրա ու այդպես շարունակ, մնացած ոչ մի բան այդքան էլ էական չէ»։
Օգտվելով ստեղծված առիթից՝ ShowBiz.am-ը զրուցել է ռեժիսորի հետ, քննարկել սպասվելիք նորությունները, կինեմատոգրաֆիայում առկա խնդիրները՝ հաշվի առնելով նախորդ տարվա բարդ ընթացքը, հայկական կինոյի թերություններն ու հետընթացը, ինչպես նաև բազմաթիվ այլ հետաքրքիր հարցեր։

«Այս իրավիճակում ծրագրերից խոսելը սարսափելի ծանր է, որովհետև խայտառակ վիճակ է։ Ես չգիտեմ՝ ինչ է լինելու։ Թե՛ կորոնավիրուսը, թե՛ պատերազմը և թե՛ հետպատերազմական կոլապսը բերեց նրան, որ մենք հիմա չգիտենք, թե վաղն ինչ կարող է լինել մեզ հետ»,- պատմում է ռեժիսորը և հավելում, որ այս շրջանում նոր, հետաքրքիր զբաղվածություն ունի․ «Այժմ ես աշխատում եմ մի սցենարի վրա, որը պատմելու է նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի մասին։ Նկարչի որդին՝ Տիգրան Մանգասարյանը այդ թեմայով կոմիքսներ էր հրապարակել, հիմա ես դրա հիման վրա լիամետրաժ սցենար եմ գրում։ Պատմելու եմ, թե ոնց է նկարիչը հայտնվում համակենտրոնացման ճամբարում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկվում ՝ միայն իր ֆենոմենալ նկարելու կարողության շնորհիվ։ Նա նկարել է գերմանացիների, ինչի շնորհիվ էլ ողջ է մնացել։ Սցենարն արդեն, կարելի է ասել, ավարտում եմ»։

Քովիդի պատճառով ամբողջ աշխարհն անցավ օնլայն ռեժիմի, ինչի արդյունքում էլ շատ ծրագրեր ստիպված հետաձգվեցին կամ չեղարկվեցին։  «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» տրագիկոմեդիան ևս արժանացավ այդ ճակատագրին։ Ըստ ռեժիսորի՝ այն պատմում է մի ծեր մարդու մասին, ով աշխատում էր «Աերացիայի» կոյուղում, և երբ թոշակի է գնում, հանդիպում է Լեոնիդ Բրեժնևի հետ, ում հետ ծանոթացել էր դեռ 70-ական թվականներին։

Կորոնավիրուսն ու պատերազմը չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև ֆիլմարտադրության բնագավառում, այս կարծիքը կիսում է նաև Էդգար Բաղդասարյանը․ «Ես կարծում եմ՝ անպայման կանդրադառնա։ Չեմ կարող օպտիմիստորեն ասել, որ շատ դրական և բարձր գեղարվեսական հատկանիշներ ունեցող ֆիլմեր կլինեն։ Կարծում եմ, որ 95 %-ը կլինեն սպեկուլյացիաներ, ինչպես միշտ։  Եթե մենք մտածում ենք, որ կունենանք Վիետնամական պատերազմի մասին պատմող նմանատիպ խելահեղ ֆիլմեր, իմ օպտիմիզմը, ճիշտն ասած, մի փոքր քիչ է, քանի որ մեզ պետք են ճշմարիտ ֆիլմեր, ճիշտ անալիզներ և հետևություններ։ Մենք այլևս չենք կարող ապրել այդ սիմուլյացիաների մեջ»։

Շատերը պնդում են, որ հայկական կինոն թերանում է միմիայն ֆինանասկան խնդիրների և բավարար աջակցություն չունենալու պատճառով, սակայն ռեժիսորը կարծում է, որ խնդիրը միայն դրանում չէ․ «Իրականում շատ պատճառներ կան: Ֆինանսական հարցերը անշուշտ, ինչպես միշտ, արդիական են, սակայն դրան զուգահեռ պետք է նշել, որ այնպես չէ, որ այդ ֆինանսական խնդիրներից չունեն ֆրանսիացի, ամերիկացի, չինացի կամ ռուս ռեժիսորները։ Դա իդեաների խնդիր է, դպրոցի խնդիր է, մասնագիտացվածության խնդիր է․․․ Ես բազմիցս նշել եմ, որ հայկական վավերագրական կինոն շատ բարձր մակարդակի վրա է, սակայն խաղարկայինը ինչպես միշտ խնդրահարույց է։ Ընդամենը պետք էր ամեն ինչ շտկել, բայց ոչ մի բան չարվեց, մենք արդեն երեսուն տարի է, ինչ ասում ենք դրա մասին, բայց․․․ Հիմա մենք ստեղծում ենք ֆրանսիական մոտիվներով ֆիլմեր, որ ֆրանսիացիներին դուր գանք, անում ենք գերմանականին նման, որ իրենց դուր գանք, մի խոսքով ամեն ինչ անում ենք, բացի հայկականից»։

Ռեժիսորը նաև վստահ է, որ հայկական կինոն սերունդ կրթելու հարցում ևս թերացել է։ Եվ խոսքը միայն ներկայիս մասին չէ։ «Մենք խոսում ենք հայկական կինոյի ոսկեդարի մասին, այսինքն՝ 60-ականներ, 70-ականների սկիզբ, երբ ամեն բան փայլուն էր։ Բայց իրականում դա հայկական կինոյի ոսկեդարը չէր, դա ընդհանրապես համաշխարհային կինոյի ոսկեդարն էր։ Եվ բնականաբար քանի որ մենք դրա մասն էինք կազմում, այն չէր կարող մեզ վրա չանդրադառնալ։ Այն ժամանակ մենք ունեինք ավելի լայն մտահորիզոն, մրցակցային ավելի մեծ դաշտ, որը չէր կարող դրականորեն չանդրադառնալ։ Հիմա մենք պարփակվել ենք ինքներս մեր մեջ և չենք կարողանում հեռուն տեսնել։ Մշակույթը միակ բանն է, որը մենք կարող ենք արտահանել և դրսի աշխարհին ցույց տալ, թե մենք ով ենք։ Բայց ես, ինչքանով որ տեղյակ եմ, այս տարի բյուջեի կրճատում է տեղի ունեցել ֆիլմարտադրության ոլորտում։ Առանց այդ էլ կռճոններ էր, հիմա էլ 20 %-ով դա էլ է կրճատվել։ Ու դեռ ասում են, որ կարող է էլի կրճատվել։ Դրա փոխարեն բարձրանում է ոստիկանության ֆինանսավորումը։ Հիմա հետևությունները թողնում եմ ձեզ»։

Հաճախ համեմատականներ տանելով՝ տեսնում ենք, թե մեր հարևան թուրքերը ինչպես են իրենց ֆիլմերի միջոցով աշխարհին համոզում, որ մշակութային կամ արվեստի այս կամ այն տարրը իրենց է պատկանում, հետաքրքիր է՝ ինչու՞ մենք ևս դա չենք կարողանում անել․ «Թուրքն ամեն ինչն է ավելի լավ արել, քան մենք։  Սկսած իրենց Բայրաքթարներից, որոնք սարքել է MIT-ն ավարտած Էրդողանի փեսան, որին մենք հակադարձում ենք մեր ասմունքային հայրենասիրությամբ։ Մենք մինչ ապրում էինք սիմուլյացիայի մեջ, թուրքերն այդ ընթացքում սովորում էին Գերմանիայում, հենց այս օրվա համար։  Նույնն էլ մշակութային ոլորտում է, նրանք կարողացան մշակութային ճեղքում ապահովել, քանի որ զբաղվում էին դրանով։ Նրանք ոչ թե խոսում, արտասանում էին միայն, այլ նաև գործում։ Մեր ողորմելի ԿԳՄՍ նախարարությունը զբաղված է միայն հոբելյաններ նշելով,  ես չեմ ասում, որ դա կարևոր չէ, բայց չի կարելի 90 տարի միայն դրանով զբաղվել։ Մենք միայն խոսում ենք, և շարունակելու ենք խոսել ու ոչինչ չանել։ Եվ սա մի պարզ պատճառով․ որովհետև ով որ պետք է անի, լծակներ չունի, իսկ ով ունի լծակներ, ես նրանց նույնիսկ շաուրմա վաճառելը չեմ վստահի։ Եվ սա այն է, ինչին մենք եկել, հասել ենք։  Զբաղվեք՝ կստանաք, չզբաղվեցիք՝ ոչինչ էլ չեք ունենա։ Բոլորը կգնան առաջ, դուք կմնանք ձեր տեղում, մենակ կենացներ կասեք ու կերգեք «Իմ Գետաշեն»։ Մենք տաղանդավոր ազգ ենք, բայց աշխատել է պետք։ Մենք ալմաստ ենք, որը պետք է դեռ մշակել և դրանից ադամանդ ստանալ։ Տխուր է, բայց իրականություն է»։

Կինոարվեստում այժմ շատ են երիտասարդ դեմքերը, ովքեր դեռ նոր են սկսում իրենց քայլերն այս բնագավառում, սակայն ռեժիսորը կարծում է, որ կինոյում չկան երիտասարդներ ու ծերեր, կան ուղղակի տաղանդավորներ․ «Ես տարիքին բացարձակ նշանակություն չեմ տալիս։ Սակայն ոչ բոլորն են էդպես։ Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ՝ ես ձեզ պատրաստում  եմ, որ դուք մտնեք մրցակցային դաշտ և մրցեք ինձ հետ։ Կինոյում չկան երիտասարդներ ու ծերեր, այն գոլֆի նման է՝ կամ լավ ես, կամ վատ, ու տարիքը բացարձակ կապ չունի։ Ավելին ասեմ, մինչև 40 տարեկանը դու աշխատում ես քո անունի համար, դրանից հետո արդեն անունդ է աշխատում քեզ համար»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան