Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասը կհայտարարեն «Օսկար-2021»-ի հավակնորդների անունները

Դերասանուհի Պրիյանկա Չոպրա Ջոնասը և նրա ամուսինը՝  հայտնի երգիչ Նիք Ջոնասը, մարտի 15-ին կհայտարարեն 93-րդ «Օսկար» մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հավակնորդներին, հաղորդում է oscars.org-ը:

Ամուսինները կսկսեն հայտարարել հավակնորդների անունները Երևանի ժամանակով 17:19-ին: Ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի դիտել կինոակադեմիայի կայքում և դրա պաշտոնական սոցիալական ցանցերում՝ Twitter-ում, YouTube-ում և Facebook-ում:

Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից: Առաջինում Պրիյանկան և Նիքը կնշեն «Լավագույն երկրորդ պլանի դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Հագուստի լավագույն դիզայն», «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ կինոնկար», «Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հնչյունավորում», «Լավագույն ադապտացված սցենար» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում հավակնորդների անունները:

Երկրորդ մասում հանդիսատեսին կներկայացվեն «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն կինոնկար» և այլ անվանակարգերում հավակնորդների անունները:

Հիշեցնենք՝ ավելի վաղ կորոնավիրուսային համավարակի պատճառով «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվել էր: Ավանդաբար փետրվար-մարտ ամիսներին անցկացվելու փոխարեն այն տեղափոխվել է ապրիլ:

Այժմ մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել ապրիլի 25-ին՝ հոլիվուդյան լեգենդար «Դոլբի» թատրոնում: