The Weeknd-ը բոյկոտել է. ինչո՞ւմ է մեղադրում արտիստը «Գրեմմի»-ն

Կանադացի երգիչ The Weeknd-ը (Աբել Մաքքոնեն Տեսֆայե) բոյկոտել է «Գրեմմի»-ն՝ երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներին մեղադրելով կողմնակալության և կոռուպցիայի համար, գրում է The Guardian-ը։
Չնայած նրան, որ նրա Blinding Lights-ը 2020 թվականի ամենամեծ հիթն էր, իսկ After Hours-ը դարձել է կրկնակի պլատինե ալբոմ, The Weekend-ն այս տարի «Գրեմմի»-ի ոչ մի անվանակարգում չի առաջադրվել։ ««Գրեմմի»-ն շարունակում է կոռումպացված մնալ։ Դուք իմ, իմ երկրպագուների և արդյունաբերության հետ պետք է ազնիվ լինեք»,-ավելի վաղ գրել էր երգիչն իր թվիթերյան էջում։

Օրերս հայտարարված բոյկոտի ֆոնին, որի համաձայն՝ երգիչն այլևս երբեք չի ներկայանա «Գրեմմի»-ի բեմում, մրցանակաբաշխության ներկայացուցիչն ասել է․ «Մենք տարեցտարի փորձում ենք կատարելագործվել։ Եվ այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, մենք լրջորեն կմտածենք այն մասին, թե ինչպես բարելավել անվանակարգերում առաջադրման գործընթացը»։
The Weekend-ն այն արվեստագետների շարքում է, որոնք կասկածի տակ են դնում միջոցառման կողմակալությունը և մեղադրում են սևամորթ արտիստներին «երկրոդ պլան մղելու համար»։
Վերջին սևամորթ կատարողը, որը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, եղել է Հերբի Հենքոքը՝ 2008 թվականին։

Հիշեցնենք, որ այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի էր դարձրել The Weeknd-ը։ Ֆլորիդայում գտնվող «Ռեյմոնդ Ջեյմս» մարզադաշտում 30-ամյա երգիչը հայտնվել էր կարմիր ու փայլփլուն կոստյումով։ Լույսերի, մառախուղի, հրավառության, վիրակապված պարողների և կենդանի կատարման շնորհիվ երգիչը կարողացել էր երկրպագուներին անմոռանալի շոու պարգևել։ Նա կատարել էր իր ամենահայտնի հիթերից Call Out My Name-ը, Starboy-ը, Can’t Feel My Face-ը, Blinding Lights-ը և այլ երգեր։