Սիրտս բաբախում էր բոլոր հայերի համար. ջութակահար Իզաբել Ֆաուստը Երևանում կկատարի Բեթհովենի թիվ 8 սիմֆոնիան

Grammophone Award, Diapason d’or և այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Երաժշտասերները բացառիկ հնարավորություն կունենան մարտի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Իզաբել Ֆաուստի կատարմամբ ունկնդրել Բեթհովենի ջութակի կոնցերտը: Ֆաուստը համարվում է այս կոնցերտի լավագույն կատարողներից: Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 8 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ֆաուստը նվագում է յուրահատուկ հնչողություն ունեցող Ստրադիվարիուսի 1704 թվականին կերտած «Քնած գեղեցկուհի» ջութակով:

Իզաբել Ֆաուստն ամուր բարեկամական կապերով է կապված Հայաստանի և Ֆիլհարմոնիկի հետ: Սա կլինի նրա երրորդ ելույթը նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը հանդես է եկել Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին (սեպտեմբեր 11, 2013 թ.)՝ կատարելով Մոցարտի Ջութակի թիվ 1 և 4 կոնցերտները: Երկրոդ ելույթը եղել է Ֆինլանդիայի «Տամպերե» համերգասրահում, որը սկանդինավյան երկրների ամենախոշոր համերգային կենտրոնն է: Այդ համերգով Ֆիլհարմոնիկը բացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային մեծ շրջագայությունը (11 ապրիլ, 2015): Հիշյալ համերգին Ֆաուստը կատարել է Շիմանովսկու Ջութակի կոնցերտը: Երկու համերգներն էլ անցել են Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Իզաբել Ֆաուստը հայերի կողքին էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար»: