«Նա հմայիչ էր». Մեծ Բրիտանիայի թագուհին պատմել է Յուրի Գագարինի հետ հանդիպման մասին

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը գիտական ֆորումի մասնակիցների հետ կիսվել է մոտ 60 տարի առաջ Լոնդոնում խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի հետ հանդիպման վերաբերյալ իր հիշողություններով, գրում է Daily Mail-ը:

«Նա հմայիչ էր: Եվ կարծում եմ, որ առաջին տիեզերագնացը լինելու փաստն էր նրան այդչափ հմայիչ դարձնում»,-նշել է թագուհին:

Միապետն այսպես է պատասխանել բրիտանացի տիեզերագետ, Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվավոր գիտաշխատող Մեգի Ադերին Պոկոկի հարցին: Վերջինիս խոսքով՝ խորհրդային տիեզերագնացը կարևոր դեր է խաղացել իր մասնագիտության ընտրության հարցում:

«Տիեզերաբան դառնալու պատճառներից մեկն այն անձն է, որի հետ ես նույն օրն եմ ծնվել` մարտի 9-ին, խոսքը Յուրի Գագարինի` տիեզերք այցելած առաջին մարդու մասին է», – ասել է Ադերին Պոկոկն ու հետաքրքրվել թագուհուց, թե ինչպիսին էր Գագարինը:

«Ռուս էր. անգլերեն չէր խոսում»,-կատակել է միապետը, որի համոզմամբ , հավանաբար, վախենալու է լինել տիզերք թռչած առաջին մարդը` չիմանալով, թե ինչով կավարատվի ուղևորությունդ:

Հիշեցնենք, որ Յուրի Գագարինը 1961 թվականի հունիսի 11-15-ին այցելել էր Մեծ Բրիտանիա: Ուղևորության ընթացքում նա հանդիպել էր վարչապետ Հարոլդ Մակմիլանի հետ և Էլիզաբեթ Երկրորդի հրավերով մասնակցել Բուկինգհեմյան պալատում ընթրիքին: