Ինչպես են նիհարում համաշխարհային գեղեցկուհիները. «աստղային դիետաների» լավագույն եռյակը

Ավելորդ քաշից ազատվելու և սլացիկ ու գրավիչ կազմվածք ունենալու մասին շատերն են երազում, և համաշխարհային աստղերը նույնպես բացառություն չեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն «աստղային դիետաները», որոնք օգնում են համաշխարհային աստղերին պահպանել գեղեցիկ ու սլացիկ կազմվածքը, ինչպես նաև շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ջինա Լոլոբրիջիդա

Իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան այժմ 91 տարեկան է, սակայն 50-60-ակա թվականներին նա համարվել է կնոջ գեղեցկության խորհրդանիշը: Իր գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար նեղիրան դերասանուհին հետևում էր յուրահատուկ սննդակարգի:

Շաբաթվա աշխատանքային օրերին Լոլոբրիջիդան ուտում էր ամեն ինչ, իսկ հանգստյան օրերին հետևում էր հետևյալ սննդակարգին.

  • Նախաճաշին՝ չգազավորված հանքային ջուր:
  • Ճաշին՝ 50 գրամ անյուղ պանիր, 200 գրամ խաշած միս և ½ լիտր նարնջի հյութ:
  • Ընթրիքին՝ միայն կիտրոնի հյութով ջուր:

Քեթրին Զետա-Ջոնս

Բրիտանացի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսն ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար նախընտրում է կտրուկ նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակը: Նա նախապատվությունը տալիս է կաղամբի ապուրով 7-օրյա դիետային:

Ապուրի պատրաստման համար անհրաժեշտ է 1 հատ կաղամբ, 2 հատ սոխ, 800-1000 գրամ տոմատի մածուկ, 2 հատ կանաչ պղպեղ, 5 հատ գազար, 1 կապ նեխուր, 1 կապ մաղադանոս և համեմունքներ:

Հարկավոր է բանջարեղենը մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 լիտր ջուր և 10 րոպե եփել: Այնուհետև թուլացնել կրակը և եփել ևս 30 րոպե, մինչև բանջարեղենը եփվի: Կաղամբի յուրահատուկ հոտից ազատվելու համար կարելի է նաև մի փոքր քացախ ավելացնել:

Այս ապուրից բացի սննդակարգում կարելի է ներառել նաև.

  • 1-ին օրը՝ ցանկացած միրգ, բացի բանանից, ձմերուկից ու սեխից:
  • 2-րդ օրը՝ թարմ կամ խաշած բանջարեղեն, բացի լոբուց, ոլոռից ու եգիպտացորենից:
  • 3-րդ օրը՝ ցանկացած միրգ ու բանջարեղեն (անսահմանափակ):
  • 4-րդ օրը՝ 3 հատ բանան և անյուղ կաթ:
  • 5-րդ օրը՝ 250 գրամ միս և առավելագույնը 6 հատ թարմ լոլիկ:
  • 6-րդ օրը՝ թռչնամիս կամ տավարի միս կանաչ բանջարեղենով:
  • 7-րդ օրը՝ չմշակված բրինձ, բանջարեղեն և մրգային աղցան:

Դիետայի ընթացքում հարկավոր է բացառել հացը, ալկոհոլը, մրգային ըմպելիքներն ու տապակած սննդամթերքը:

Անջելինա Ջոլի

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին նախապատվությունը տալիս է «հում» դիետային: Նա կարծում է, որ սննդամթերքի մեծ մասը հարկավոր է օգտագործել հում վիճակում՝ առանց ջերմային մշակման ենթարկելու: Այդ կերպ դրանք պահպանում են իրենց օգտակար հատկություններն ու սննդարար նյութերը և շատ ավելի լավ են յուրացվում:

Ջոլին իր սննդակարգը հարստացրել է տարատեսակ բանջարեղենով, ընկուզեղենով, սերմերով, չորամրգերով, ծլած հացահատիկներով, կանաչեղենով, ինչպես նաև համեմունքներով ու խոտաբույսերով: Կարելի է նաև օգտագործել շիլաներ, սակայն դրանք հարկավոր է ոչ թե եփել, այլ թրջել ջրով և օգտագործել մեղրով ու մրգերով:

Միևնույն ժամանակ Ջոլին իր սննդակարգում որոշ հավելումներ է արել.

  • Օրգանիզմին հարկավոր են սպիտակուցներ՝ առողջ ու ուժեղ լինելու համար (այդ թվում նաև կենդանական ծագման սպիտակուցներ), ուստի դերասանուհին ուտում է անյուղ յոգուրտ ու կաթնաշոռ, ինչպես նաև շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված հավի միս ու ձուկ: Բացի այդ, շաբաթական երկու անգամ նա պարտադիր ծովամթերք է ուտում, որոնք ոչ միայն սպիտակուց են պարունակում, այլև հարուստ են յոդով:
  • Նյութափոխանակությունը խթանելու համար հարկավոր է շատ հեղուկ օգտագործել: Դերասանուհին խմում է կանաչ թեյ, մաքուր աղբյուրի ջուր և առանց շաքարավազի հյութեր: Եթե կարիք կա շատ արագ ավելորդ քաշից ազատվելու, ապա նա խմում է նաև օրգանիզմը մաքրող թեյեր: Ջոլիին դուր է գալիս կոճապղպեղով թեյը, որը և՛ մաքրում է օրգանիզմը, և՛ ամրապնդում իմունային համակարգը, և՛ դարձնում օրգանիզմն ավելի ուժեղ ու դիմացկուն:
  • Ավելորդ կիլոգրամներից ազատվելու հիանալի միջոց է մյուսլին, որը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար մանրաթելեր: Սակայն խանութում վաճառվող մյուսլին մեծ քանակությամբ շաքար է պարունակվում, ուստի չի կարող դիետիկ համարվել: Դերասանուհին խորհուրդ է տալիս ընտրել մի քանի տեսակի հացահատիկ, ավելացնել թարմ կամ չորացրած մրգեր և օգտագործել խառնուրդը հյութով կամ յոգուրտով:
  • Ընթրիքին Ջոլին նախընտրում է օգտագործել սառը բանջարեղենային ապուրներ, որոնք և՛ շատ համեղ են, և՛ ունեն ցածր կալորիականություն, և՛ շատ հեշտ են պատրաստվում:

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև, որ սննդաբանները ավելորդ քաշից ազատվել ցանկացողներին խորհուրդ են տալիս լինել ֆիզիկապես ակտիվ և մարզվել: