Այսօր՝ մարտի 15-ից, «Երկուսով» հեռուստասերիալը վերսկսում է իր հեռուստատեսային ընթացքը: Նախագիծը՝ պայմանավորված համավարակով և պատերազմով, բավականին լուրջ փորձությունների ենթարկվեց և միայն այսօր կրկին հնարավորություն ունեցավ վերադառնալ հեռուստաէկրաններ։
ShowBiz.am-ի հետ զրույցում նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել է երկար դադարից հետո եթեր վերադառնալու դժվարությունների, «Երկուսով»-ի հետագա ընթացքի, դերասանական կազմի փոփոխությունների, նոր լուծումների և խոստումնալից ավարտի մասին։
«Երկուսով»-ի հեռուստաէկրաններ վերադառնալու նորությունը բոլորին է ուրախացրել․ «Որոշումը շատ ուրախացրեց բոլորիս, որովհետև թե՛ աշխատակազմը, թե՛ դերասանական կազմը և թե՛ հեռուստադիտողը անհամբեր դրան էին սպասում։ Այս ընթացքում բոլորս բազմաթիվ նամակներ էինք ստանում, որտեղ մեր հեռուստադիտողը հետաքրքրվում էր, թե երբ է նախագիծը վերսկսվելու։ Սա նաև մեզ համար ազդակ էր, որ նախագիծը անպայման պետք է գա, հասնի իր տրամաբանական շարունակությանը և ունենա ավարտ։ Դրա համար որոշում կայացվեց վերադառնալ, և մենք վերադարձանք հանգստացած, վերադարձանք ոգևորված, վերադարձանք լավ աշխատանք կատարելու կարևոր որոշում կայացրած։ Հատկապես վերջին դեպքերից հետո մենք հասկացանք, որ յուրաքանչյուրս պետք է մեր գործով զբաղվենք ու մեր գործի մեջ մեկ քայլ էլ առաջ գնանք»։
Հեռուստասերիալներ կային, որոնք չնայած համավարակին՝ շարունակեցին իրենց եթերային կյանքը, սակայն «Երկուսով»-ը որոշեց դադար վերցնել․ «Ամեն մեկի դեպքը տարբեր է։ TV-ներ կային, որոնք ունեցան խնդիրներ, որոնց հաղթահարման շրջանը մի փոքր երկար տևեց, հեռուսաալիքներ կային, որոնք զիջումների գնացին որակական առումով, կրճատումների առումով, այսինքն՝ սա մի ներքին խոհանոց է, որ չես կարող գուշակել, թե ամեն հեռուստաալիք ինչպես է լուծումներ գտել։ Մենք լուծումներ գտանք հետևյալ կերպ․ չանել որակային զիջումներ, փոխարենը դադար վերցնել և վերադառնալ նույն որակային նշաձողը պահպանած»։
Նախագծի ավարտին հեռուստադիտողը շատ չի սպասելու․ «Ավարտը ոչ շատ մոտ է, ոչ շատ հեռու։ Ի սկզբանե նախագիծը սկսելու ժամանակ քանի սերիա նախատեսված է եղել, մենք այդ սերիաների քանակը պահել ենք, որովհետև երբ գրվում է նախագիծը և իմանում ես սերիաների թիվը, դու ըստ դրա էլ կառուցում ես քո պատմությունը։ Դրա համար էլ որքան սկզբում որոշված է եղել, հենց այդ քանակն էլ պահպանվել է, այդ առումով փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք դեռ ունենք նկարահանելու բավականին լավ նյութ, ճիշտ է՝ ավարտը սարերի հետևում չէ, բայց էնպես էլ չէ, որ հիմա կհասնենք»։
Նախագիծը կշարունակվի այնտեղից, որտեղ հարկադրված կանգ էր առել։ «Իհարկե, չէինք կարող չշարունակել այնտեղից, որտեղ կանգ էինք առել , որովհետև մեր կանգառը հարկադրված է եղել։ Եթե նախօրոք ծրագրում ես, որ նոր եթերաշրջան պետք է նկարահանես, դու նախորդն ավարտում ես հստակ ծրագրված կետում, իսկ մեր դեպքում այդպես չեղավ, այնպես որ մենք ստիպված ենք սկսել այնտեղից, որտեղ կանգ ենք առել։ Մեր դեպքում շատ հարցականներ են մնացել, որոնց պատասխանները պատրաստվում ենք տալ երրորդ եթերաշրջանում։ Մենք սկսել ենք նույն կետից, բայց մի փոքր այլ տեսանկյունից և այլ լուծումներով։ Պատմությունը նոր թափով է սկսել, նոր տեղից, բայց ամեն դեպքում այն, ինչ որ տեսել ենք, դրա սահուն ու տրամաբանական շարունակությունն է լինելու»,- մանրամասնում է սցենարիստը։
Նախագծում դերասանական փոփոխություններ ևս եղել են․ «Մենք ունենք նոր դեմք նախագծում, ով փոխարինել է մեր շատ սիրելի Գայանե Ավետիսյանին։ Գայանեն այժմ ԱՄՆ-ում է գտնվում, մենք նկարահանումներն արդեն սկսել ենք, իսկ Գայանեն դեռևս չի պլանավորում վերադառնալ։ Այնպես որ ստիպված եղանք դերակատարին փոխել, բայց ի ուրախություն մեզ, գտանք ևս մեկ լավ դերասանուհու՝ Անուշիկ Առաքելյանին, ով արդեն այսօր երեկոյան կհայտնվի եթերում»։
«Երկուսով» հեռուստասերիալում կան նաև դերասաններ, որոնք այս պահին այլ նախագծերում ևս զբաղվածություն ունեն, մեր հարցին, թե նրանք կշարունակեն նկարահանվել, թե՞ հնարավոր են դերասանական կազմում այլ փոփոխություններ ևս, Անին պատասխանեց․ «Ես գիտեմ հետևյալը, որ ցանկացած դերասան, ով այս ընթացքում որևէ զբաղվածություն է ունեցել այլ նախագծերում, արել է դա համաձայնեցնելով «Շանթ» հեռուստաընկերության և, մասնավորապես, մեզ հետ։ Համաձայնությունը եղել է այն պայմանով, որ երբ մենք սկսենք մեր նկարահանումները, նրանք պետք է վերադառնան և այդ պայմանը դերասանները պահում են։ Այդ առումով որևէ փոփոխություն կամ համատեղելու հետ որևէ խնդիր մենք չունենք»։
Իսկ ինչ վերաբերում է նոր նախագծերին, ապա դրանց պլանները միշտ կան, սակայն այս պահին առաջնայինը շարունակում է մնալ «Երկուսով»-ը․ «Հիմա փորձում ենք այդ բոլոր տրավմաներից հետո «Երկուսով»-ը պատվով հաղթահարել և հասցնել իր տրամաբանական ավարտին։ Նոր նախագծեր, վստահ եմ՝ կլինեն, բայց որ ասեմ՝ հենց այս պահին քննարկումներ են գնում, կխաբեմ։ Այս պահին բոլորիս ուշադրությունը կենտրոնացված է «Երկուսով»-ի վրա, քանի որ այս նախագիծը մի քիչ տուժած երեխայի նման է, դրա համար էլ ուզում ենք ամբողջ ուժերը կենտրոնացնել դրա վրա, որպեսզի մեր ուզած ավարտը ստանանք»։
Հեղինակ՝ Լուս Ավագյան