Ֆրանսիական Hermes նորաձևության տունը ամերիկյան MycoWorks ստարտափի հետ համատեղ կարտադրի բուսական ծագում ունեցող կաշվից պայուսակներ, որոնք պատրաստված կլինեն միցելիումից՝ սնկամարմնի բարակ ու ճյուղավորված թելերից, հաղորդում է South China Morning Post-ը։
«Mycoworks-ի տեսլականը և արժեքները համապատասխանում են Hermes-ի՝ բնական հումքով և դրա վերափոխմամբ արտադրության հայեցակարգին, գերազանցության ձգտմանը, որը թույլ կտա ապահովել առարկաների առավելագույն ամրությունը»,- ասել է նորաձևության տան գլխավոր դիզայներ Պիեր Ալեքսիս Դյուման։
Նշվում է, որ MycoWorks-ը և Hermes-ը ստեղծել են Sylvania կոչվող նյութը, որն արտաքուստ կարծես կաշի լինի, սակայն պատրաստված է սնկամարմնից։
«Նյութի ստեղծման համար միցելիումի թելերն աճեցվում են հատուկ միջավայրում, ինչի արդյունքում հատուկ թաղանթ է ստացվում։ Չորանալուց հետո այն դառնում է ամուր և ճկուն, այդ պատճառով էլ հեշտությամբ կարվում և գունավորվում է օրգանական ներկանյութերով»,- ասվում է պայուսակի նկարագրության մեջ։
Նոր նյութից պատրաստված առաջին արտադրանքը՝ Վիկտորյա ճանապարհորդական պայուսակը, վաճառքի կհանվի արդեն 2021 թվականի վերջին։