Hermes-ը պայուսակներ կարտադրի սնկից ստացված «կաշվից» (լուսանկարներ)

Ֆրանսիական Hermes նորաձևության տունը ամերիկյան MycoWorks ստարտափի հետ համատեղ  կարտադրի բուսական ծագում ունեցող կաշվից պայուսակներ, որոնք պատրաստված կլինեն միցելիումից՝ սնկամարմնի բարակ ու ճյուղավորված թելերից, հաղորդում է South China Morning Post-ը։

«Mycoworks-ի տեսլականը և արժեքները համապատասխանում են Hermes-ի՝ բնական հումքով և դրա վերափոխմամբ արտադրության հայեցակարգին, գերազանցության ձգտմանը, որը թույլ կտա ապահովել առարկաների առավելագույն ամրությունը»,- ասել է նորաձևության տան գլխավոր դիզայներ Պիեր Ալեքսիս Դյուման։

Նշվում է, որ MycoWorks-ը և Hermes-ը ստեղծել են Sylvania կոչվող նյութը, որն արտաքուստ կարծես կաշի լինի, սակայն պատրաստված է սնկամարմնից։

«Նյութի ստեղծման համար միցելիումի թելերն աճեցվում են հատուկ միջավայրում, ինչի արդյունքում հատուկ թաղանթ է ստացվում։ Չորանալուց հետո այն դառնում է ամուր և ճկուն, այդ պատճառով էլ հեշտությամբ կարվում և գունավորվում է օրգանական ներկանյութերով»,- ասվում է պայուսակի նկարագրության մեջ։

Նոր նյութից պատրաստված առաջին արտադրանքը՝ Վիկտորյա ճանապարհորդական պայուսակը, վաճառքի կհանվի արդեն 2021 թվականի վերջին։