Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը նոր հումորային նախագիծ ունի, որն արդեն վաղվանից` մարտի 18-ից, կլինի եթերում։ «Պոպկորն» սկետչ-շոուն ցուցադրվելու է շաբաթական մեկ անգամ:
ShowBiz.am-ի հետ զրույցում Գրիգոր Դանիելյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել նախագծի մասին՝ խոսելով դրա անվան ընտրությունից, նախագծի ձևաչափից, դրանում ներառված թեմաներից, ինչպես նաև դերասանական կազմից։
«Անվան ընտրությունը շատ պարզ է․ նախ և առաջ «Պոպկորն», քանի որ շատ հեշտ հիշվող անվանում է, բացի այդ էլ ֆիլմ դիտելիս, կարելի է ասել, մարդիկ միշտ պոպկորն են ուտում։ Ուրիշ ավելի խորիմաստ բացատրություն չկա, միջազգային բառ է, որը հասկանալի կլինի բոլորի համար»,- մանրամասնում է Գրիգոր Դանիելյանը։
Նախագիծը իրենից ենթադրում է հումորային սկետչեր՝ հիմնված տարբեր անեկդոտների վրա։ Այն լինելու է հեռուստատեսային նախագիծ, կցուցադրվի ATV հեռուստաալիքով և եթեր կգնա շաբաթը մեկ օր։
«Սկետչերը 3-6 րոպե տևողությամբ են, ամեն ինչ կախված է սցենարի ծավալից: Սկետչերի հիմքը երկու տողանոց անեկդոտներն են, որոնք սցենարի ենք վերածում: Սցենարական աշխատանքը կատարում ենք ես, Գուրգեն Սարգսյանը և Գարիկ Սեփխանյանը: Իրականում, կարոտել էինք սցենարագրման աշխատանքներին, որովհետև վաղուց չէինք գրել, վերջին անգամ գրել էինք «Դեպի ճամբար 2» նախագծի սցենարը, որը նախորդ տարի էր»,- նշում է դերասանը։
Նախագծի տևողության մասին դեռ հստակ որոշում չկա։ «Նախնական տվյալներով երեք ամիս հաստատ կցուցադրվի, դրանից հետո արդեն պարզ կլինի՝ կախված ընթացքից ու գրանցած հաջողություններից»,- պատմում է նախագծի սցենարիստը։
Նախագծում ներգրավված են Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Սաթենիկ Հազարյանը, Եվա Զոհրաբյանը, Գուրգեն Սարգսյանը, ով նաև այս նախագծի ռեժիսորն է։ Սկետչերում նկարահանվել են նաև Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը, ով հանդես է գալու էպիզոդիկ դերերով, ինչպես նաև TRIO Studio-ի սաները։
Սկետչերում արծարծվող թեմաները շատ տարբեր են․ «Կան և դպրոցականներին վերաբերվող սկետչեր, կան նաև այնպիսինները, որոնցում կանդրադառնանք մեծահասկաներին։ Սակայն վստահ կարող եմ ասել, որ չկան այնպիսի սկետչեր, որոնցում կլինեն 18+ թեմաներ։ Այսինքն՝ մեր նախագիծը վստահորեն կարելի է ասել, որ նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար»։
Դերասանը այս պահին «Պոպկորն» նախագծին զուգահեռ ունի բազմաթիվ այլ զբաղվածություններ ևս․ «Այս պահին եթեր է հեռարձակվում իմ «Դեպի ճամբար» սիթքոմը, զուհահեռաբար աշխատում ենք նաև մեր Trio TV յութուբյան ալիքով հեռարձակվող «Ո՞վ է Սու Շեֆը» նախագծի վրա, ինչպես նաև շարունակում եմ նկարահանվել «Հարս չկա» սիթքոմում։ Կա ևս գրեթե տասը նախագիծ, որոնք պետք է կյանքի կոչենք, բայց ցանկանում ենք ամեն բան հերթականությամբ անել, որ գոնե ինքներս մեզ և մեր հանգստին էլ կարողանանք որոշ չափով ժամանակ հատկացնել»։
Նյութը՝ Լուս Ավագյանի