Ժողովրդական և լատինաամերիկյան հիթեր. Վիգեն Հովսեփյանը երկրպագուներին կներկայանա նոր համերգներով

Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որն ինքնատիպ մեկնաբանությամբ է ներկայացնում հայկական ժողովրդական երգերը, իսպանական սիրված ստեղծագործությունները, համավարակով, պատերազմով պայմանավորված երկարատև դադարից հետո կրկին վերադառնում է բեմ: Նա NemRoot Project-ի հետ արդեն ներկայացել հայկական ժողովրդական երաժշտության համերգներով, իսկ մարտի 25-ին հանդես կգա իսպանական երգերով:

Մարտի 25-ի համերգին երգիչը կհամագործակցի RumBarkeno Project-ի հետ՝ կատարելով լատինաամերիկյան հիթեր, որոնց երկրպագուները քիչ չեն: Կհնչեն Մարկ Էնթոնիի, Ռիկի Մարտինի և այլ սիրված երաժիշտների երգեր: Վիգենը նշում է, որ կկատարի նաև հայկական որոշ գործեր: Կլինեն ստեղծագործություններ, որոնց հայ երաժշտասերները գուցե ծանոթ չեն:

Երգիչն օրեր առաջ ներկայացրել էր Կոմիտասի մշակմամբ «Զուլո» երգի հոլովակը, որում Զուլոն պատահաբար պարզում է, որ հայուհի է, և որոշում է գտնել իր հայրենիքը: Տեսահոլովակը դիտելիս պարզ չէ՝ նա կարողանո՞ւմ է հասնել Հայաստան, թե՞ ոչ: