«Թաքցնելու իմաստ չկա». Անաստասիա Ստոցկայան բաժանվել է հայ ամուսնուց

Երգչուհի Անաստասիա Ստոցկայան բաժանվել է հայ ամուսնուց՝ գոծարար Սերգեյ Աբգարյանից։ Արտիստի խոսքով՝ ինքն ու ամուսինը բաժանվել են մոտ երկու տարի առաջ։ Այդ ամբողջ ընթացքում նրանք հանրությունից թաքցրել են բաժանումը, և միայն այժմ 38-ամյա աստղը հայտնել է, որ իրենց հարաբերություններն ավարտվել են։

«Ռուսական ռադիոյի» եթերում Յուլյա Բարանովսկայան «Все к лучшему» հաղորդման ընթացքում հարցրել է, թե ինչպես են նրանք ու երեխաները հաղթահարել ինքնամեկուսացման շրջանը։ Ի պատասխան արտիստն անսպասելիորեն հայտնել է, որ ինքն ու ամուսինը վաղուց միասին չեն ապրում։ «Հավանաբար հիմա թաքցնելու իմաստ չկա։ Ես ու ամուսինս երկուսուկես տարի միասին չենք ապրում», ասել է Անաստասիան։

Ստոցկայան նշել է, որ ինքն ու Սերգեյը ընկերական հարաբերություններ են պահպանում։ Երգչուհին խոստովանել է, որ կարող է հանգիստ խոսել ամուսնալուծության թեմայով, քանի որ բավական երկար ժամանակ է անցել, և բոլոր կրքերը հանդարտվել են։

Երգչուհու նախկին ամուսինը գրեթե ամեն օր հանդիպում է երեխաներին, քանի որ նրա համար կարևոր են ընտանեկան արժեքները։ Ստոցկայան ու Աբգարյանը մեծացնում են երկու երեխաներին՝ իննամյա Սաշային և երեքամյա Վերային։ «Նա ամեն օր տեսնում է երեխաներին, որդուն շախմատի է տանում։ Նա հայկական ընտանիքից է, ուր երեխաներն ու ընտանեկան արժեքները մշտապես առաջին տեղում են»,- ասել է աստղը։