«Нелюбовь»․ ի՞նչի է հանգեցնում սիրո բացակայությունը. պատասխանները՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում

Կ․Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մարտի 21-ին կայացավ «Нелюбовь» ներկայացման պրեմիերան՝ բեմադրված Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու համար» ստեղծագործության հիման վրա։
Ներկայացման ռեժիսորը՝ Նորա Գրիգորյանը, պատմում է, որ Մարկեսի այս գործն իր մեջ տպավորվել է դեռ 7-8 տարի առաջ, երբ ինքը Համազգային թատրոնում դիտել է դրա հիման վրա Նարինե Գրիգորյանի բեմադրությունը։
«Այն ամեն ինչից հետո, ինչ կատարվեց Հայաստան աշխարհի հետ, որոշեցի վերադառնալ այս գործին, որովհետև հասկացա, որ արտահայտվելու կարիք ունեմ։
Ներկայացման գլխավոր գաղափարն այն է, թե ինչի կարող է այդ «չսերը» բերել։ Այստեղ կան տարբեր պատմություններ կանանց հոգեբուժարանի հիվանդների մասին։ Ամեն մեկի մոտ հիվանդություն է՝ առաջացած սիրո պակասից։ Ու երբ հոգեբուժարանում սիրո նշույլներ են ի հայտ գալիս, մարդիկ սկսում են բուժվել։ Ասելիքս այն էր, որ բոլորս միմյանց պետք  է սիրենք, և թե ինչ կարող է լինել, եթե շարունակենք չսիրել»,- ներկայացման գաղափարի մասին պատմում է ռեժիսորը։

Ռեժիսորի խոսքով՝ ներկայացման հետ կապված միակ դժվարությունն այն է եղել, որ պիեսն ընթացքում անդադար ենթարկվել է փոփոխությունների, անդադար լրացվել է նոր մտքերով։

«Ամենատպավորիչն ինձ համար այն էր, որ ներկայացման մեջ զբաղված բոլոր 13 դերասանները, իսկապես, վառված էին այս գործով, այս մտահղացմամբ, ու ամեն մեկն ինչ-որ նոր գաղափարով էր կիսվում։ Բոլորս մեկ օրգանիզմի պես աշխատում էինք այս բալիկին ստեղծելու համար»,- հիշում է Նորան։

Թե դժվար 2020 թվականից հետո այսօր ինչ է պետք հանդիսատեսին և ինչ պետք է ներկայացնի թատրոնը՝ Նորա Գրիգորյանն ասում է․«Պատերազմից հետո մարդկանց մի հատված կա, որը շատ ակտիվ սկսել է հաճախել թատրոն, ինձ թվում է՝ մարդիկ ցանկանում են իրականությունից կտրվել՝ լաց լինել, ուրախանալ, ծիծաղել։
Մարդկանց հետաքրքիր է ուրիշ մարդկանց կյանքը։ Եթե բեմադրենք միայն կոմեդիա, մենք արհեստականորեն կկտրվենք իրականությունից երկու ժամով, բայց հետո կգանք մեր իրական կյանքը, որը մեղմ ասած, այդքան էլ լավը չի։ Իմ ներկայացումը պսիխոդրամա է, գուցե ծանր է, բայց այսօրվա մասին է»։

 

 

Ներկայացման գլխավոր հերոսուհու դերը կերտած Լիլյա Մուկուչյանը հիշում է, թե ինչպես էր 2 տարի առաջ Նորան իրեն ուղարկել Գարսիա Մարկեսի՝ «Ես եկել եմ միայն զանգահարելու համար» ստեղծագործությունը կարդալու։

«Ես կարդացի, այն մի քիչ մռայլ էր, առաջին հայացքից՝ մի քիչ անհասկանալի, բայց շատ հետաքրքիր, մի խոսքով՝ բարձրակարգ գրականություն։
Այդ ժամանակ մենք դեռ ոչինչ չէինք քննարկել, միայն կարդացի և ասացի, որ շատ հետաքրքիր է»,- պատմում է Լիլյան և հավելում,- «Եվ այսպես, 3-4 ամիս առաջ Նորան խնդրեց կրկին կարդալ այն և ասաց, որ պետք է խաղամ գլխավոր դերը։ Ես, անկեղծ ասած, ցանկանում էի նրանից խնդրել բոլորովին այլ դեր, որն արդյունքում կկատարի մեր հիանալի դերասաններից մեկը։

Չեմ կարող ասել, որ փորձերի ժամանակ եղել են դժվարություններ։  Ամբողջովին հակառակը․ ես միշտ մտածում էի, որ բեմում ճկունությունը և գրացիան իմը չեն, և շատ էի խուսափում նման որոշումներից, բայց հիմա ես մեծ հաճույքով գնում եմ փորձերին, և կապ չունի պլաստիկա է, պարեր, թե ստանդարտ փորձ՝ ես այդ ամենը համարում եմ իմ փոքրիկ հաղթանակը»:

Լիլյան ցավով նշում է, որ անցած տարին սարափելի էր գրեթե բոլոր հնարավոր իմաստներով, իսկ Հայաստանի համար՝ ողբերգական, սակայն նա գտնում է, որ այսօր թատրոնը կարղ է ապաքինել մարդկանց․«Չեմ կարող ասել, թե ինչ է ցանկանում կամ ինչ է պետք մեր այսօրվա հանդիսատեսին, բայց մի բան հաստատ գիտեմ՝ թատրոնի մեծագույն առաքելությունը մարդկային հոգիների ապաքինումն է․ ներկայացումը, կարելի է ասել, թերապևտիկ ակտ է, որն այսօր այնքան շատ է մեզ պետք։ Այս դեպքում մեզ, մեր հանդիսատեսին պետք են, իսկապես, որակյալ ներկայացումներ, որոնք կկարողանան դաստիարակել, ապաքինել»։

Խոսելով ապագայի ծրագրերի մասին, Լիլյան ասում է, որ դրանք բավականին հստակ են և մեծածավալ։
Անմիջապես պրեմիերայից հետո նա սկելու է աշխատել երկու նախագծերի ուղղությամբ` ռեժիսոր Գոհար Փոքրիկյանի սոցիալական նախագծի և ռեժիսոր Մանվել Խաչատրյանի «Նոր Մեդեա» ներկայացումների վրա։ Երկու ներկայացումներն էլ նախապես կլինեն «Արմմոնո» կինոփառատոնի շրջանակներում, իսկ հետո արդեն ազատ հարթակներում։
Նաև կլինի մեկ պիեսի թատերական ընթերցում, որի վրա Լիլյան, Մանվել Խաչատրյանը և Արմեն Մարգարյանը սկսել էին աշխատել դեռ նախորդ տարվա դեկտեմբերից։

Որպես հավելում, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշում է, որ այս ժամանակաշրջանում հանդիսատեսին բազմերանգ ներկայացումներ են անհրաժեշտ և նշում է, որ այս սեզոնում թատրոնը կունենա ևս երեք առաջնախաղ, որոնցից երկուսը կլինեն  գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ, իսկ մեկը՝ դերասանուհի Իռա Հարությունյանի։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան