Էլիզաբեթ 2-րդն իր նոր շանն անվանել է հանգուցյալ քեռու պատվին (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն անուններ է տվել կորգի ցեղատեսակի երկու նոր շնիկներին, որոնց թագուհուն նվիրել էին մարտի սկզբին:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Մեծ Բրիտանիայի միապետը քոթոթներից մեկին անվանել է իր քեռու` Ֆերգյուսի պատվին, որը 1915 թվականին մահացել է 26 տարեկանում՝ Լոոսի ճակատամարտում, մյուսին անվանել է իր սիրելի Մյուիկ լճի պատվին, որի ափին թագուհին բազմիցս ընտանեկան խնջույքներ է կազմակերպել։

Մարտի սկզբին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհուն երկու նոր շնիկ են նվիրել, որոնք լավ «զբաղեցնում են» թագուհուն՝ մինչ նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, գտնվում էր հիվանդանոցում։

Հիշեցնենք՝ Էլիզաբեթ Երկրորդը կորգիների մեծ սիրահար է։ 1944 թվականին իր 18-ամյակի կապակցությամբ նա փոքրիկ կորգի էր նվեր ստացել, որին կոչել էր Սյուզան։ Կենդանին ավելի քան 30 «հետնորդներ էր թողել», սակայն դրանցից վերջինը՝ Ուիսփերը, սատկել էր 2018-ին։ Շան սատկելու պատճառով թագուհին 74 տարվա մեջ առաջին անգամ «առանց կորգիների էր մնացել»։

Թագադրման պահից ի վեր Էլիզաբեթ 2-րդն ունեցել է ավելի քան 30 շուն։