Ռուզաննա Մանուչարյանը՝ մեկօրական դստեր, ամուսնու ուրախության և այլ մանրամասների մասին

Մարտի 22-ին լույս աշխարհ է եկել դերասաններ Վահան Միրաքյանի ու Ռուզաննա Մանուչարյանի առաջնեկը։
«Բարի Գալուստ Վիկտորյա Վահանի Միրաքյան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նորաթուխ հայրիկը։
Showbiz.am կայքի հետ զրույցում Ռուզաննա Մանուչարյանը կիսվում է իր զգացմունքներով։

«Անասելի երջանկություն ապրեցի։ Փառք Աստծո, փոքրիկս բավականին խելոք է։ Առաջին գիշերը հանգիստ ենք անցկացրել, բայց իհարկե, մայրիկիս օգնությամբ, ով ամեն վայրկյան կողքիս է»,- պատմում է նա։

Ռուզաննան նշել է, որ նորաթուխ հայրիկը, պարզապես, անճանաչելի է դարձել․ «Վաղուց նրա աչքերն այդքան երջանիկ չէի տեսել, երեկ նա կատարյալ երջանիկ էր։ Տեսել է փոքրիկին միայն նկարով։ Այսօր կլինի նրանց առաջին հանդիպումը, և ես անհամբեր սպասում եմ այդ պահին»։

Փոքրիկ Վիկտորյան մայրիկի համար թե՛ ամբողջ կյանքի, թե՛ միամսյակի գլխավոր նվերն է, սակայն Ռուզաննան հիշում է, որ միամսյակի կապակցությամբ մյուս գեղեցիկ անակնկալն իրեն մատուցել է Վահանը «Երբ դեռ նշանված էինք, Վահանն ինձ անակնկալ արեց, և մարտի 8-ին մենք գնացինք Թբիլիսի և վայելեցինք այդ ամբողջ օրը։ Նախկինում ես չէի եղել այդ քաղաքում, իսկ Վահանը հաճախ էր եղել և բավականին ծանոթ էր քաղաքին։ Մենք ունեցանք հրաշալի, աննկարագրելի օր, իսկ երեկոյան վերադարձանք Երևան»։

Ռուզաննան նշում է, որ իր կարծիքով լինելու է շատ ուրախ մայրիկ, բայց միաժամանակ շատ խիստ։ Իսկ իր կնոջ իդեալն իր մայրն է, ում կերազի նմանվել։

«Նա իմ կնոջ իդեալն է ու գնալով դա, իսկապես, ավելի հաստատուն է դառնում։ Իմ մայրը շատ ուժեղ կին է, թեպետ շատ փխրուն։ Ես շատ բան եմ նրանից սովորում՝ տեսնելով իր վերաբերմունքը հայրիկիս նկատմամբ, եղբորս նկատմամբ։ Մայրիկս իմ լավագույն ընկերուհին է նաև»,-ասում է Ռուզաննան։

Դերասանուհին կարծում է, որ իր բնավորության ամենաանտանելի գիծը չափից դուրս շատ պատասխանատու լինելն է «Դա անտանելի է, որովհետև նույնն էլ սպասում եմ դիմացինիցս։ Նաև պահանջկոտ եմ, ծայրահեղ պահանջկոտ եմ ամենից շատ ամուսնուս նկատմամբ»։

Չնայած այս ամենին՝ Ռուզաննան շատ էմոցիոնալ է և չի վախենում արտահայտել իր զգացմունքները«Իմ սերն արտահայտում եմ այնպես, ինչպես զգում եմ։ Չեմ վախենում ամեն օր ամուսնուս ասել, որ իրեն շատ եմ սիրում։ Չեմ վախենում խոստովանել, որ երբ նա աշխատանքի է, ես արդեն կարոտում եմ»։

Ռուզաննան տանել չի կարողանում սուտն ու բամբասանքը և շատ ծանր է տանում, երբ իրենից նեղանում են։
«Երբ դիմացինս ինձնից նեղացել է իմ պահվածքի պատճառով, անմիջապես փորձում եմ պարզաբանել, քանի որ ծանր բեռ եմ զգում վրաս»,- պատմում է նա ու հիշում, թե ինչպես վերջերս իրեն արտասվելու աստիճանի նեղացրին,- «Երբ խանութում հերթ էի կանգնած, և նոր էի լավացել Covid-ով վարակվելուց հետո, դիմակ այդ պահին չէի կրում։ Գտնվում էի հղիության 5-րդ ամսում, հերթի մեջ մի տարիքով կին պտտվեց և շատ կոպիտ ձևով ասաց՝ քո պես հղիներն են հերթով մահանում Covid-ից՝ դիմակ չդնելու պատճառով։ Ես այնքան վատ զգացի ինձ, դուրս եկա խանութից ու երկար ժամանակ լաց էի լինում։ Մարդիկ շատ են չարացել»։

Ռուզաննան նշում է, որ շատ է սիրում իր կյանքը, այն ընտանիքը, որտեղ ծնվել է, այն մանկությունը, որտեղ ապրել է, և ոչինչ չէր ցանկանա փոխել՝ անգամ հնարավորության դեպքում, իսկ եթե իր այժմյան փորձով և աշխարհընկալմամբ դիմեր 18-ամյա Ռուզաննային, ապա կասեր՝ արա այնպես, ինչպես քո սիրտն է թելադրում։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան