Հինգշաբթի` մարտի 25-ին, Վենետիկը սկսում է իր 1600-ամյակի տոնակատարությունները զանգվածային մշակութային ծրագրով, որը քաղաքը փորձել է համատեղել կորոնավիրուսի պատճառով առկա սահմանափակումների հետ:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Համաձայն ընդունված ավանդույթի, որը վերցված է 11-րդ դարի Վենետիկյան տարեգրությունից, ապագա «Միջերկրածովյան մարգարիտը» հիմնադրվել է Մարիամ Աստվածածնի ավետման օրը, երբ իբր ստեղծվել է Սան Ջիակոմո դի Ռիալտո հնագույն եկեղեցին:
Տոնական միջոցառումները, որոնք նորմալ պայմաններում կարող էին անցկացվել ավանդական վենետիկյան մասշտաբով, ստիպված էին տեղափոխել առցանց ձևաչափի և բաշխել գալիք ողջ տարվա վրա:
Ընթացիկ պաշտոնական միջոցառումները կսկսվեն Սան Մարկոյի բազիլիկայում Ավետման օրվա առթիվ հանդիսավոր պատարագով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին): Ժամը 16:00-ին կղողանջեն քաղաքային եկեղեցիների բոլոր զանգերը: Երեկոյան Rai2 ազգային հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ կցուցադրի Վենետիկի անցյալի ու ապագայի մասին: Այն ուղեկցվելու է տարբեր կոմպոզիտորների կողմից գրված դասական գործերով` գրված հատկապես քաղաքի և նրա ամենահայտնի «Լա Ֆենիչե» թատրոնի համար:
Մեծ տարեդարձը նշվելու է ցուցահանդեսներով, մարզական և մշակութային իրադարձություններով, որոնց կազմակերպմանը Վենետիկի քաղաքապետարանը ներգրավել է համալսարանների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական այլ միավորումների: Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտարարել էին տոնակատարությունների ամբողջ օրացույցի ընթացքում հայտեր ընդունելու մասին: Վենետիկի 1600-ամյակի թեման կմիավորի բոլոր միջոցառումները, ներառյալ առաջիկա համերգները, գիտաժողովները, հանրային ընթերցումները, սեմինարներն ու ներկայացումները: