«Ապրիլի 30-ին կկատարվի իմ ամենամեծ երազանքը»․ Դիանա Տոռեսն առաջին անգամ պատմում է կյանքում կարևոր փոփոխության մասին

Դերասանուհի Դիանա Տոռեսը առաջինը Showbiz.am կայքի հետ զրույցում հայտնում է, որ իր ծննդյան օրը՝ ապրիլի 30-ին, կկատարվի իր կյանքի ամենամեծ երազանքը։ Այդ օրը կկայանա Դիանայի տեսահոլովակի պրեմիերան։

«Որոշել եմ ինքս ինձ նվեր անել։ Մոտ օրերս կձայնագրվեմ, իսկ տեսահոլովակի որոշ կադրեր կնկարահանենք շուտով, երբ եղանակներն ավելի լավը լինեն։

Դեռ մանկուց երազել եմ երգելու մասին։ Տարիներ առաջ հիասթափվել էի երգից, չգիտեմ՝ ինչն էր պատճառը։ Հինգ տարի է, ինչ չէի զբաղվում վոկալով։
Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբի մենակատար Գայանե Հովհաննիսյանի խմբում եմ սովորել, իմ ձայնային տվյալներն այսօր իր շնորհիվ են այդպիսին։
Այնպես չէ, որ քնից արթնացել եմ և որոշել եմ երգել։ Մանկուց երգի մեջ եմ, բայց տանը թույլ չէին տալիս, ցանկանում էին, որ բժշկուհի դառնամ»,-պատմում է Դիանան ու հավելում, որ համոզված է՝ կգա օր, երբ ինքը համերգ կունենա «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում։

Բացի դրանից Դիանան այժմ նոր նպատակ ունի՝ մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։
«Եթե չմասնակցեմ, ուրեմն իզուր եմ ապրում։ Միշտ պատկերացրել եմ ինձ այդ բեմի վրա, մտածել եմ, որ խայտառակ կլինեմ, բայց դա սխալ է։
Կցանկանամ եկող տարի մասնակցել, եթե հնարավորություն ընձեռնեն, կարող է չցանկանան կամ չվստահեն։ Կարծում եմ, որ կապերով է ամեն ինչ։ Բայց ես անչափ սիրում ու հավանում եմ  մրցույթի մասնակիցներից թե՛ Աթենային, թե՛ Իվետա Մուկուչյանին»,-կիսվում է նա։

Պատմելով, թե ինչպես առաջացավ տեսահոլովակ ունենալու մտահղացումը՝  Դիանան ասում է․ «Իրականում, համագործակցության առաջարկ ստացա։ Երգիս հեղինակը Վլադ Պողոսյանն է, երաժշտության հեղինակը՝ Արսեն Մանուկյանը։ 
Սցենարի հեղինակը ես եմ․ տեսահոլովակի հիմքում լինելու է այն ամենը, ինչի միջով ես անցել եմ։ Տեսահոլովակում հանդես եմ գալու այն կերպարում, որի մասին ամբողջ կյանքում երազել եմ՝ բալերինայի կերպարում։ Ես 11 տարի պարապել եմ, իմ ամենասիրելի մասնագիտությունն է եղել»։

Դիանան նշում է նաև, որ մոռացության չի մատնի դերասանական կարիերան։ Նա պատմում է, որ «Կինստագրամ» սիթքոմից հետո ինքը բավականին հաճախ է առաջարկներ ստանում ռեժիսորների կողմից և բացատրում է, թե ինչու է դրանք մերժում․«Եղել են այլ հեռուստաընկերություններից առաջարկներ գլխավոր դերի համար, սակայն ես մերժել եմ, որովհետև «Արմենիա» հեռուտաընկերությունից բացի, առհասարակ, ցանկություն չունեմ ուրիշ տեղ նկարահանվելու»։

Դիանան նաև պատմում է, որ կանանց միամսյակի առթիվ իրեն ամենագեղեցիկ նվերն այս տարի մատուցել  է եղբոր դուստրը․ այդ անակնկալից հետո նա անգամ հուզվել է։
«Լավագույն նվերն ինձ համար եղբորս դստեր անակնկալն էր։ Ինձ բացիկ էր նվիրել, որի մեջ գերբերա էր լույսերով։ Շոկի մեջ էի, որովհետև անգամ իր մայրիկին նվեր չէր տվել, իսկ ինձ համար որոշել էր անակնկալ անել։


Իսկ առհասարակ ամենատպավորիչ նվերն իմ նկարն էր կտավի վրա, որը ստացել եմ ինստագրամյան հետևորդներից։  Տղաների կամ տղամարդու կողմից նվերներ չեմ ստացել, որովհետև ոչ մեկի հետ չեմ շփվում»,-
ասում է Դիանան և հավելում, որ բավականին շքեղ նվերների առաջարկներ եղել են, սակայն ինքը չի ընդունել դրանք,-«Տղամարդկանց կողմից նվերներ չեմ ընդունում։ Առաջարկել են  iPhone 12 Pro նվիրել, PlayStation 4, մեքենա։ Հրաժարվել եմ, որովհետև ես այդպիսի աղջիկ չեմ, ինչ ունեմ՝ ինքս եմ գնել։ Փառք ծնողներիս, Աստված իրենց հոգին լուսավորի, այնպես են արել, որ ես ոչնչի մասին  չանհանգստանամ, հորաքույր ունեմ, ով նույնպես ամեն ինչ անում է ինձ համար։

 

Հեղինակ՝ Լազարյան Տաթևեր