Մասնագետը ներկայացրել է՝ որն է քաշի նվազեցման ամենապարզ ու արդյունավետ միջոցը

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Սա շատ վտանգավոր խնդիր է, որը բարձրացնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեղի ու սրտանոթային համակարգի ախտաբանությունների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են ժամ առաջ միջոցներ ձեռնարկել այս խնդրից ազատվելու համար։

Որպես կանոն քաշը նվազեցնելու և կազմվածքը կարգի բերելու համար մարդիկ հատուկ սննդակարգերի են հետևում ու մարզվում, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ հանգեցնում են առողջական մի շարք խնդիրների զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու համար ներզատաբան Զուխրա Պավլովան ներկայացրել է մի պարզ միջոց, որը թույլ կտա ոչ միայն կարգի բերել կազմվածքն առանց կողմնակի բորդությունների, այլև կկանխի քաշի հետագա ավելացումը։

Մասնագետի խոսքով՝ կազմվածքը կարգի բերելու և քաշը նվազեցնելու ամենապարզ միջոցը սպիտակ ճարպից ազատվելն ու օրգանիզմում շագանակագույն ճարպի մակարդակը բարձրացնելն է։ Բանն այն է, որ շագանակագույն ճարպային հյուսվածքները պարունակում են մեծ քանակությամբ միտոքոնդրիումներ, որոնցում անդադար ազատ ճարպաթթուներ են այրվում։

«Սա նշանակում է, որ որքան բարձր է շագանակագույն ճարպի մակարդակը, այնքան հեշտ է լինում նիհարելը», – գրել է բժիշկն իր ինստագրամյան էջում։

Ինչ վերաբերում է սպիտակ ճարպին, ապա այն հակառակ ազդեցությունն է ունենում և համարվում է բորբոքումներ առաջացնող նյութեր արտադրող «գործարան»։ Ճարպի այս տեսակի մեծ քանակությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, այդ թվում նաև մետաբոլիկ համախտանիշի զարգացման, ուստի դրանից ազատվելը շատ կարևոր է։

Բժշկի խոսքով՝ շագանակագույն ճարպի կուտակման ու սպիտակ ճարպի այրման համար հարկավոր է ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին, ավելի շատ մարզվել ու կոփոլ օրգանիզմը։