Արփին՝ «Եվրատեսիլ 2017» մրցույթում Կիպրոսի հայ ներկայացուցչի հետ իր նոր երգի և բոլորովին այլ ոլորտում բիզնես սկսլեու մասին

«Եվրատեսիլ 2017» երգի ամենամյա մրցույթին Կիպրոսը ներկայացրած հայազգի երգիչ Հովիգը և սիրված երգչուհի Արփին վերջերս հանդես են եկել զուգերգով: Նրանք հայերեն և հունարեն ներկայացրել են «Լուսաբաց» (Gnórimi Skiá) ստեղծագործությունը:
Երգը գրել է Հովիգը, հայերեն բառերի հեղինակը Արմինե Հայրիյանն է, հունարեն բառերը գրել է Կատերինա Մարցուկուն, գործիքավորումն իրականացրել է Արթուր Թադևոսյանը: Հոլովակի ռեժիսորը Արմեն Փիրի Մասիհին է:

«Այս երգը գրել եմ տասը տարի առաջ: Ստեղծագործությունն ինձ շատ հոգեհարազատ է: Չափազանց ուրախ եմ և հպարտ, որ այն երկլեզու է և մոտ է իմ արմատներին: Հուսամ՝ դուք երգին կկապվեք այնպես, ինչպես ես»,-«Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Հովիգը:

Նշենք, որ Հովիգը ծնվել է Կիպրոսում, հաճախել հայկական դպրոց և տանը հաղորդակցվել են հայերեն: Հարցազրույցներում արտիստը նշել է, որ Կիպրոսի ժողովուրդն իրեն ճանաչում է որպես հայ երգիչ:

Իսկ Արփին ծնվել է Խնձորեսկ գյուղում։ Հայաստանում, Էստոնիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ 2007 թվականին Արփին թողարկել է «Կապույտ թռչուն» առաջին հիթը և արժանացել «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011-ին, որպես բեք-վոկալ, մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ «Հայվեյ» խմբի հետ էլ մասնակցել է մի շարք երաժշտական փառատոների, ելույթ ունեցել բազմաթիվ համերգային ծրագրերում։

Showbiz.am կայքի հետ զրույցում Արփին պատմում է՝ Հովիգի հետ համագործակցության, նոր ծրագրերի և բոլորովին այլ ոլորտում փոքրիկ բիզնես հիմնելու մասին։

«Ուղիղ մեկ տարի առաջ Հովիգն ու Դեր Հովան, ովքեր միմյանց հետ վաղուց համագործակցում էին, ուղարկեցին ինձ «Լուսաբաց» երգը, ես լսեցի, անչափ հավանեցի։ Ուղղակի մեկ տարի հետո նոր եղավ պրեմիերան։
Տեսահոլովակը նկարահանեցինք օգոստոսին, ես՝ Հայաստանում, Հովիգը՝ Հունաստանում։ Մտադիր էինք աշնանը ներկայացնել պրեմիերան, բայց հասկանալի պատճառներով ամեն բան հետաձգվեց»,- պատմում է Արփին և հավելում, որ նկարահանումներն անցել են Դիլիջանում և Սևանում։

Երգչուհին նշում է, որ իր համար այս տեսահոլովակը շատ էր տարբերվում մնացած բոլոր տեսահոլովակներից։
«Տեսահոլովակն ինձ համար յուրահատուկ էր, որովհետև այստեղ կա պատմություն՝ սիրային եռանկյունի։ Եթե մինչ այդ ես տեսահոլովակների նկարահանման ժամանակ սկզբից մինչև վերջ ամեն ինչին մասնակցում էի, այս անգամ հյուրի կարգավիճակում էի։
Մի կադր իմ մեջ շատ էր տպավորվել՝ երբ գլխավոր հերոսը տեսնում է, թե ինչպես է իր սիրած աղջիկն ամուսնանում։ Ողջ էմոցիաները գլխավոր հերոսը կարողացավ ցույց տալ, դա ինձ շատ տպավորեց»։

Արփին հավատացնում է, որ սա միակ նորությունը չէ իր երկրպագուների համար։ Դժվար 2020 թվականից հետո նա բազմաթիվ անակնկալներ է պատրաստել․«Շատ-շատ նորություններ ունեմ, բայց լինում է, որ բարձրաձայնվելուց հետո դրանք գողանում են, դրա համար շատ չեմ մանրամասնի։
«Ցանկանում եմ մեծ երաժշտական նախագիծ սկսել, որը բավականին մեծ աշխատանք  է ենթադրում․ պետք է հայկական երգերը ծաղկաքաղ անել, բերել, զտել, քննարկել, մշակել և նորովի ներկայացնել։
Ինչպես նաև կյանքի կկոչեմ իմ ստեղծագործություններից մի քանիսը։ Ժողովրդական երգից չեմ պատրաստվում հեռանալ, բայց մոտակա ժամանակներս կներկայացնեմ իմ հեղինակայինները։
Նաև կան իմ սրտին մոտ շատ գեղեցիկ, համաշխարհային հիթեր, որոնք կցանկանամ ներկայացնել Cover տարբերակով։ Միայն ցանկանում եմ , որ խաղաղություն լինի»,-ասում է Արփին ու պատմում, թե որքան ծրագրեր հետաձգվեցին 2020 թվականին։

«Համերգային շրջագայություններ ունեի, որոնք հետաձգվեցին, շատ բաներ  չեղարկվեցին։ Իմ ու ամուսնուս անձնագրերը մինչև տարվա վերջ մնացել էին Կանադայի դեսպանատանը։ Մեծ դժվարությամբ կարողացանք դրանք հետ ստանալ։
Պատերազմի մասին չեմ կարող խոսել, թե չէ կհուզվեմ․․․զոհեր ունեցանք»,- արցունքները զսպելով ասում է Արփին։

Նշենք, որ երգչուհին որոշել է հիմնել իր փոքրիկ բիզնեսը, որը բավականին հեռու է երաժշտությունից։

«Ցանկանում եմ փոքրիկ բիզնես ունենալ, որտեղ կներկայացնեմ իմ աշխատանքները՝ ասեղնագործության տեսքով։

Ասեղնագործությամբ զբաղվել եմ, երբ հղի էի երկրորդ բալիկովս։ Երբ վերջապես տանը մնացի, վայելեցի իմ հղիությունը, սկսեցի Յութուբով սովորել ու հասկացա, որ ստացվում է։
Սակայն ժամանակ ընդհանրապես չունեի, բայց կորոնավիրուսի շրջանի միակ լավ կողմն այն էր, որ ինձ ընձեռվեց այդ ժամանակն ու ես կարողացա իրագործել իմ այդ նպատակը։

Գները կապված են լինելու աշխատանքից, կան գործեր, որոնց վրա մի քանի օր եմ ծախսել։
Ասեղնագործելու եմ ամեն ինչի վրա՝ առաջնային պայուսակների»,-ասում է Արփին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան