Հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի (1853-1890) «Փողոցային տեսարան Մոնմարտրում» կտավը Փարիզում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 16,2 մլն եվրոյով: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Sotheby’s աճուրդի տանը:
Ինչպես հայտնել են աճուրդի կազմակերպիչները, կտավի գինը, որում հողմաղաց է պատկերված, վաճառքի մեկնարկից 10 րոպե անց հասել է 16,2 մլն եվրոյի: Sotheby’s-ի կայքում նշվում է, որ հոլանդացի վարպետի կտավը վաճառվել է 16 251 000 եվրոյով, մինչդեռ նախապես գնահատվել էր 5-8 մլն եվրո:
Նկարը Վան Գոգը հեղինակել է 1887 թվականին, այն երբեք չի ներկայացվել լայն հանրությանը: Մոտ 100 տարի այն պահվել է փարիզյան ընտանիքներից մեկի մասնավոր հավաքածուի կազմում, որի ներկայիս սերունդը որոշել է այն աճուրդի հանել: