«Եվրատեսիլի» կազմակերպիչները թույլ չեն տվել, որ Բելառուսը մասնակցի մրցույթին

Բելառուսը չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ-2021» երաժշտական մրցույթին։ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել և բացատրել պատճառը։  Ավելի վաղ կազմակերպիչները համարել էին, որ բելառուսական «Գալասի Զմեստա» խմբի երգը չի համապատասխանում մրցույթի կանոններին, քանի որ քաղաքականացված է, և խնդրել էին նոր ստեղծագործություն ներկայացնել: Հայտի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ երկրորդ երգն էլ չի բավարարում Եվրոպական հեռարձակողների միությանը։ Անհամապատասխանության պատճառները նշված չեն։

«Նոր երգը նույնպես խախտում է մրցույթի կանոնները: Քանի որ Բելառուսը չի կարողացել հայտ ներկայացնել երկարացված ժամկետի ընթացքում, ցավոք, չի մասնակցի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» 65-րդ մրցույթին», – արձանագրել են կազմակերպիչները: «Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի Ռոտերդամում (Նիդեռլանդներ) մայիսի 18-22-ը: