Nike-ը դատի է տվել իր Air Max 97 մոդելի հիման վրա սատանայական մարզակոշիկներ ստեղծած ընկերությանը (լուսանկարներ)

Ամերիկյան Nike ընկերությունը դատի է տվել MSCHF ընկերությանը, որը ռեփեր Lil Nas X-ի հետ համագործակցությամբ վաճառքի է հանել ներբանի հատվածում մարդկային արյան կաթիլ պարունակող «Սատանայի կոշիկներ» կոչվող մարզակոշիկները, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Lil Nas X-ի և MSCHF-ի համագործակցությամբ ստեղծված սև ու կարմիր սպորտային կոշիկները Nike Air Max 97-ի ձևափոխված տարբերակն են։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Nike-ը դաշնային հայց է ներկայացրել MSCHF-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով «ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները խախտելու համար»։

Հատկանշական է, որ հայցը ներկայացվել է միայն MSCHF ընկերության և ոչ ռեփեր Lil Nas X-ի դեմ։ Հայցում նշվում է, որ «սատանայական» մարզակոշիկներն արդեն հանգեցրել են Nike-ը բոյկոտելու կոչերին, և հանրության շրջանում սխալ կարծիք է ձևավորվել առ այն, որ ընկերությունը թույլատրել կամ մասնակցել է դրանց ստեղծմանը։

Նշենք, որ ըստ MSCHF-ի՝ սպորտային կոշիկների ներբանների հատվածում կա կարմիր թանաք և մի կաթիլ մարդկային արյուն։ MSCHF-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ արյունը տրամադրել են կամավորները։

Սպորտայի կոշիկների մեկ զույգի արժեքը 1018 դոլար է, ինչը հղում է Ղուկասի 10:18-ին, որն ասում է. «Տեսա սատանային երկնքից ընկնելիս, ինչպես կայծակը»։

Սպորտային կոշիկները քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական գործիչերի և հոգևորականների շրջանում։