Լողազգեստի բարդույթի հաղթահարում և խոսքի վարպետություն. Մոնիկա Գրիգորյանը պատրաստվում է «Միսս Տիեզերք»-ին

«Միսս Տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը։ Մոնիկան այժմ սովորում է Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ինչպես նաև թուրքերեն լեզուներին։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը հայտնեց, որ «Միսս Տիեզերք» մրցույթը տեղի կունենա մայիսի 16-ին Ֆլորիդայում: Ասուլիսի ժամանակ Գոհարը և Մոնիկա Գրիգորյանը խոսեցին մրցույթի նախապատրաստական փուլից, անդրադարձան մրցութային մանրամասներին, ինչպես նաև Մոնիկան հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ ներկայացրեց իր մասին։

«Առաջինը հայտարարություն տարածեց «Միսս Տիեզերք»-ի կազմկոմիտեն՝ նշելով, որ միևնույնն է 2020-ի մրցույթը կայանալու է, և քանի որ նախորդ տարի համաճարակ էր և շատ ազգային տնօրեններ հնարավորություն չունեցան իրենց երկրներում կազմակերպելու ազգային մրցույթ, մեզ հնարավորություն տրվեց մեր ընտրությամբ առաջադրելու թեկնածու։ Մոնիկային առաջադրելը իմ կողմից եղել է միանձնյա որոշում։ Բայց հիմնվել եմ նրա վրա, որ «Միսս Աշխարհ Արմենիա 2019» մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, ինչպես նաև Մոնիկան շատ սիրված է հասարակության կողմից։ Բացի այդ Մոնիկան պատրաստվում էր մեկնել մեկ այլ միջազգային մրցույթի, նա Հայաստանը ներկայացնելու է միջազգային «Միսս Շարմ» մրցույթին, որը կայանալու է Վիետնամում այս տարվա վերջին։ Այնպես որ ամենապատրաստի թեկնածուն այս պահին Մոնիկան էր։ Եվ քանի որ պետք է հասցնեին պատրաստվել այսքան կարճ ժամանակահատվածում, ինձ համար շատ կարևոր էր, որ մասնակցի հետ ես հեշտ կարողանայի աշխատել, իսկ Մոնիկայի հետ ամեն բան շատ հարթ է ընթանում»,- պատմում է Գոհար Հարությունյանը։

Չնայած որ արդեն 2021 թվականն է, մրցույթը կոչվելու է «Միսս Տիեզերք 2020», իսկ 2021-ը տեղի կունենա կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։ «Մենք ևս հաղթահարելով շատ դժվարություններ, փորձում ենք այնպես անել, որ ոչ մի բաց չմնա։ Ամեն տարի կայուն մենք կարողացել ենք կազմակերպել մեր ազգային համահայկական մրցույթները, ինչպես նաև «Միսս Աշխարհ»-ը և «Միսս Տիեզերք»-ը,- մանրամասնում է Գոհարը։

Մեկնելու և վիզայի հետ կապված ևս խնդիրներ են առաջացել․ «Մեծ խնդիր էր վիզա ստանալը։ Բայց ամբողջ Հայաստանը գիտի, որ մեզ վիզա է պետք, Սփյուռքը՝ նույնպես, անձամբ դեսպանին էինք դիմել, և վիզան այլևս խնդիր չէ, քանի որ սա, կարելի է ասել, արտակարգ դեպք է համարվում, և եթե մյուս երկրներում, որտեղ ևս կա այս նույն խնդիրը, ստանում են, ապա մենք ևս պետք է ստանանք։ Դժվարություններ ամեն տարի են լինում, և այս տարին էլ բացառություն չեղավ»։

Անդրադառնալով ստանձնած մեծ պատասխանատվությանը Մոնիկան նշում է․ «Իրականում շատ պարտավորեցնող է, որովհետև գտնվելով մոտավորապես մեկ տարի տևող դադարի մեջ, որոշ վախեր ունեի, բայց իհարկե շատ մեծ սիրով ընդունեցի հրավերը, ինձ պատրաստ էի զգում մասնակցելու այդ պատասխանատու մրցույթին։ Հիմա էլ արդեն աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»։

Մոնիկա Գրիգորյանը 21 տարեկան է՝ ծնունդով Վանաձորից։ Գեղեցկուհին իր մոդելային կարիերան սկսել է՝ 2019-ին մասնակցելով  «Միսս Արմենիա» մրցույթին. «Շանսերս շատ քիչ էի գնահատում , կարծում էի՝ ոչ մի տիտղոս չեմ կարողանա գրավել, բայց քվեարկությունից հետո հասկացա, որ սիրվել եմ շատերի կողմից։ Իմ հաջողություններով ուրախացան թե՛ իմ համաքաղաքացիները, թե՛ ամբողջ Հայաստանն ու Սփյուռքը։ Այդպիսով՝ սկսվեց իմ մոդելային կարիերան, համագործակցել եմ բազմաթիվ դիզայներների հետ, նկարահանվել տարբեր տեսահոլովակներում  ու այդպես շարունակ»։

Խոսելով նախապատրաստական աշխատանքների և իր անհանգստությունների մասին՝ Մոնիկան պատմում է․ «Մրցույթից առաջ բնականաբար լարվածությունը կա, որովհետև շատ մեծ պատասխանատվություն է դրված ինձ վրա։ Ժամանակը շատ քիչ է, բայց փորձում ենք ամեն ինչին դրական կողմից նայել, որ և՛ հաճույք ստանանք այդ գործընթացից, և՛ կարողանամ բարձր տրամադրությամբ մեկնել»։

Սրա առընչությամբ Գոհարն իր հերթին ևս լրացում կատարեց․ «Շատ կարևոր է, երբ մասնակիցը զգում է, որ իր հայրենակիցները թե՛ իր երկրում, թե՛ Սփհյուռքում իր մեջքին կանգնած են, սատարում են, լավ խոսքեր են ասում։ Իրոք, այնքան շատ էր բարությունը Մոնիկայի մասին արված հրապարակումների մեկնաբանություններոմ․․․ Եվ ես կարծում եմ, որ միշտ պետք է այդպես լինի, ցանկացած աղջկա դեպքում։ Մենք ուզում ենք, որ մեր մասնակիցը լինի ամենալավը, սակայն երբ հանրությունը սկսում է վատաբանել, էլ ավելի քիչ աղջիկներ են գալիս մրցույթներին մասնակցելու, իսկ մենք ընտրում ենք արդեն եղածներից։ Այդպիսով՝ ես կոչ եմ անում չվախենալ և միշտ համարձակորեն գալ»։

Խոսելով նախորդ տարվա ցավալի իրադարձությունների և դրանից հետո գործին լծվելու պատրաստակամության մասին՝ Գոհարը նշում է․ «Ես հասկացա մի բան, որ այն վիշտը, որը մենք ունենք, ժամկետներ չունի, չի գալու մի օր, երբ մենք ասենք՝ ահա, այսօրվանից մենք կարող ենք ուրախանալ, զվարճանալ, մեր գործով զբաղվել։ Այս ծնկի իջած դիրքից ոտքի կանգնել մենք կարող ենք, եթե բոլորը լծվեն իրենց գործին, բոլորը աշխատեն և իրենց ոլորտները զարգացնեն։ Ուրիշ կերպ ուղղակի անհնար է, քանի որ այդ վիշտը մեզ հետ միշտ է լինելու։ Հատկապես միջազգային հարթակներում մենք պետք է ցույց տանք, որ մենք ուժեղ ենք, մենք կարող ենք,  և մեր երկիրը կա, միշտ պետք է լինի, և մենք էլ պետք է շարունակենք պայքարել, որպեսզի վերկանգնենք մեր երկրի անունն ու պատիվը»։

Այս տարի ևս մեկ հետաքրքրական փաստ կար, որին հատկապես կարող էին ուշադրություն դարձնել ոլորտում հայտնի կամ ոչ այնքան ճանաչված դիզայներները․ Մոնիկայի զգեստները ստեղծելիս կազմակերպիչները բաց էին համագործակցության համար։ «Դեռևս նախորդ տարվանից պայմանավորվածություն կար «Տերյան» մշակութային կենտրոնի հետ՝ մեր տարազը ապահովելու համար։ Լիլիթ Մելիքյանը սիրով կարում է հայկական տարազը, որը, փակագծերը բացեմ, լինելու է Արցախինը։ Եվ եթե մեզ թույլ տան, կփորձենք մի փոքր քաղաքականացնել և ներկայացնել մեր պատմությունը։ Երեկոյան հագուստն ընտրելիս մենք հասկացանք մի բան, որ դիզայներները պատրաստ են մեզ օգնել, սակայն մենք չունենք համապատասխան նյութերը , որպեսզի «Միսս Տիեզերք»-ի բեմին համապատասխան զգեստ կարվի։ Ճիշտ է՝ մենք ունեցել ենք առաջարկներ Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից, ԱՄՆ-ից,  բայց ես ցանկանում էի, որ մենք այդ հարթակը տրամադրեինք մեր տեղական արտադրանքին և դիզայներներին, սակայն, ցավոք, չստացվեց։ Մեր երեկոյան հագուստի դիզայները լինելու է ֆիլիպինցի, ով ապրում է Ֆլորիդայում, ուր էլ մեկնելու է Մոնիկան։ Դիզայները շատ մեծ փորձ ունի հենց մրցութային հագուստներ կարելու գործում»,- մանրամասնում է Գոհար Հարությունյանը։

Հավելենք նաև, որ Մոնիկան անցնում է առցանց դասընթացներ, որտեղ մասնակիցներին պատրաստում են հարցազրույցի փուլին։ Գրեթե ամեն օր Նյու Յորքից մասնագետի հետ անցկացվում են այդ դասընթացները, քանի որ չափանիշներից ամնակարևորը, ամենաառաջնայինը հանրային խոսքի վարպետությունն է՝ գեղեցկությունից առավել։ Եվ այս տարի առաջին անգամ Հայաստանը  ևս ստացել է հնարավորություն իր գեղեցկուհուն պատրաստելու այդ լարված փուլին։

««Միսս Տիեզերք»-ում շատ կարևոր է, որ դու կարողանաս ասելիք ունենալ։ Ինձ համար մի փոքր դժվար կլինի, բայց ես խոսելու եմ իմ ծանր մանկությունից։ Ես մեծացել եմ առանց հայրիկիս, հորս կորցրել եմ տասը տարեկանում։ Մենք ստիպված էինք շատ մեծ դժվարությունների միջով անցնել ընտանիքիս հետ միասին։ Եվ իհարկե կխոսեմ պատերազմից, եթե որևէ արգելք կամ խոչընդոտ չլինի դրա հետ կապված»,- անկեղծանում է Մոնիկան։

Մոնիկան միայնակ է մեկնելու ԱՄՆ, քանի որ ամեն դեպքում մասնակիցներին դիմավորում են օդանավակայանում և տանում իրենց հետ՝ թույլ չտալով ուրիշ մարդկանց ներկա գտնվել։ Մոնիկան սկզբում մեկնելու է Նյու Յորք, տասը օր այնտեղ նրան նախապատրաստելու են մրցույթին, որից հետո մի քանի աղջիկների հետ կմեկնի Ֆլորիդա։

Մոնիկան նաև անդրադարձավ «լողազգեստով փուլին»՝ խոսելով իր նախկին անհանգստությունների և վախերի մասին․ «Իրականում անհանգստություն այլևս չկա։ Նախկինում ինչո՞ւ չմասնակցեցի լողազգեստով փուլին, քանի որ լինելով Վանաձորից, կարծում էի՝ համարձակությունս սխալ կհասկացվի իմ համաքաղաքացիների կողմից, այդպես ամաչեցի հագնել, բայց հետո երբ Չինաստանում մասնակցեցի գեղեցկության մրցույթի, արդեն չէի կարող չհագնել, համարձակություն հավաքեցի, մասնակցեցի լողազգեստով փուլին և հիմա ևս պետք է մասնակցեմ, քանի որ ուրիշ տարբերակ չունեմ։ Բացի այդ էլ ես իմ մարմնի վրա բավականին աշխատել եմ և պատրաստ եմ այդ փուլին։ Պատրաստ եմ ցույց տալ, որ հայ կինը շատ գեղեցիկ է, ինքնավստահ և համարձակ»։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև գեղեցկուհիների արտաքին տվյալներին և նրանց կատարած պլաստիկ միջամտություններին․ «Մեր հասարակությունը հաճախ չի հետևում միջազգային մրցույթներին և շատ թյուր տեղեկություն է տարածում այն մասին, որ չի կարելի բացարձակ դիմել վիրահատական միջամտությունների։ Մենք, ըստ պայմանագրի, չունենք նման նախապայման, աղջիկները կարող են շտկել իրենց արտաքինը, եթե կարծում են, որ դա իրենց կտա ինքնավստահություն, իհարկե, մրցույթի ժյուրին մշտապես արխիվային լուսանկարներ և տեսանյութեր է պահանջում, որպեսզի համեմատեն՝ որքանով են եղել այդ միջամտությունները։ Ես ինքս էլ ընդունում եմ աղջիկներին՝ փոքր պլաստիկ միջամտություններով, ոչ շատ չափն անցած, քանի որ մենք ինքներս էլ ուզում ենք, որ նրանք ինքնավստահ և ավելի համարձակ լինեն։ Մոնիկայի մոտ միջամտություն եղել է (քթի պլաստիկ վիրահատություն), մենք դա չենք թաքցնում և Մոնիկան իրեն այսպես շատ ավելի լավ է զգում»։

Հավելենք նաև, որ մինչև մրցույթը առցանց քվեարկություն է անցկացվելու, որի հաղթողը ավտոմատ կերպով մտնելու է լավագույն 21-ի մեջ։

Հեղինակ՝ Լուս Ավագյան