«Նռան գույնը» ֆիլմի նեգատիվ կադրերի վերականգնման ընթացիկ աշխատանքները կիրականացվեն 2021 թվականին

Հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների շրջանակում 2021 թվականին իրականացվելու են ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված նեգատիվ կադրերի թվայնացման և վերականգնման ընթացիկ աշխատանքները:
Պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Բացի այդ ամենից, հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանցկացվեն բացառիկ նմուշների ցուցադրություններ միջազգային հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը և «Լինկոլն» արվեստի կենտրոնը, Բրիտանիայի «Կինոկլասիկա» հիմնադրամը, Վաշինգտոնի Ազգային պատկերասրահը և այլն»,- ընդգծեց Դումանյանը: