«Մրցույթը երգիչներին կօգնի կրկին հանդիպել հարազատներին»․ նոր նախագիծ՝ «Ты супер!» երաժշտական մրցույթի շրջանակում

ՆՏՎ հեռուստաալիքը կրկին մեկ բեմում կմիավորի Ռուսաստանի, ԱՊՀ–ի և Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդներին, բայց այս անգամ մրցույթի հերոսները կլինեն տարեց երգիչները, որոնք ինչ–ինչ հանգամանքների պատճառով մնացել են առանց հարազատների ու մտերիմների աջակցության։
««Ты супер!»–ի նոր ուղղությունը պատահական չի հայտնվել»,– ասել է ՆՏՎ-ի գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը,-«Շոուն մի ամբողջ շարժում է դարձել և հարազատ ընտանիք 18 երկրի 385 երեխաների համար։ Մենք շատ ենք ցանկանում օգնել նաև  աջակցությունից զրկված տարեցներին, ներկայացնել նրանց ստեղծագործական ներուժը և իրականացնել նրանց երազանքը»:

Վայնշտեյնի խոսքով՝ մրցույթը երգիչներին կօգնի կրկին հանդիպել հարազատներին ու մտերիմներին։ Ընտրական փուլն արդեն ավարտվել է. նախագծի ամենաերիտասարդ մասնակիցը 60 տարեկան է, իսկ ավագը՝ 87: Որոշ մասնակիցներ պրոֆեսիոնալ երաժիշտներ են։

Ինչպես միշտ, մրցույթը կվարեն Վադիմ Տակմենևը և Անաստասիա Պակը, իսկ ժյուրիի անդամների անունները պրոդյուսերները դեռ գաղտնի են պահում: Ինչ վերաբերում է կանոններին, ապա դրանք նույնն են, ինչ երեխաների համար նախատեսված մրցույթում։

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ընտրական և եզրափակիչ: Բեմում ելույթ ունենալուց հետո «սպասման գոտի» կարող են անցնել ժյուրիի անդամների երեք կամ չորս «այո»–ի արժանացած մասնակիցները: Իսկ եթե մրցավարներից ոչ մեկը կանաչ կոճակը չսեղմի, ձայները կիսվեն, կամ մասնակցի օգտին կքվեարկի ժյուրիի միայն մեկ անդամ, վոկալիստը ստիպված կլինի լքել նախագիծը:

«Ты супер! 60+» շոուն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական լրատվական գործակալությունը՝ լուսավորության նախարարության աջակցությամբ։