Դերասանուհի Էվա Խաչատրյանն այս շրջանում զբաղվածություն ունի թե՛ հեռուստատեսությունում, թե՛ թատրոնում․ ապրիլի 6-ին կկայանա դերասանուհու մասնակցությամբ «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման պրեմիերան։ Իսկ մինչ այդ Էվան հասցրել է մեկնել Եգիպտոս և մի քանի օր վայելել ծովը, արևն ու ջերմությունը։
ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է այս շրջանում հանգստի անհրաժեշտության, նոր ներկայացման մեջ իր զբաղվածության, նախորդ տարվա անհաջող և դժվարին ընթացքի, ինչպես նաև այս տարվա հետ կապված մի շարք պլանների մասին։
Նախորդ մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսային համավարակի պատճառով մենք հնարավորություն չունեցանք լքելու մեր երկրի տարածքը, քանի որ սահմանները փակ էին, այդ իսկ պատճառով շատ շատերը ստիպված էին իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանի տարածքում, սակայն արդեն որոշ ժամանակ է, ինչ այդ սահմանափակումները հանվել են, և ծովին, օվկիանոսին կարոտած հանգստի սիրահարները հնարավորություն ունեն լրացնելու այդ բացը․ Էվան ևս բացառություն չէ, ով շտապել է Եգիպոսում լրացնել մեկ տարվա բաց թողածը․ «Հանգիստը այդ պահին ինձ համար պարտադիր էր, որովհետև ես շատ երկար ժամանակ չէի բացակայել երկրից, և ինձ պարտադիր պետք էր այդ ռեստարտը, հատկապես ծովում, քանի որ դա միակ տեղն է, որտեղ ես իսկապես, կարողանում եմ ներդաշնակություն գտնել, լիցքաթափվել, հանգստանալ և տաքանալ, իսկ դա ինձ համար շատ կարևոր է, քանի որ ես ատում եմ ցուրտը»։
Հանգստից վերադառնալուց հետո Էվան վերադարձել է Կամերային թատրոնի իր փորձերին, որտեղ շատ շուտով նոր ներկայացման պրեմիերա է սպասվում։ «Ներկայացումը կոչվում է «Հինգ պատմություն սիրո մասին»։ Հինգ տարբեր պատմություններ են, տարբեր կերպարներ, տարբեր իրականություններ մեկ ներկայացման մեջ։ Ներկայացման մեջ զբաղված ենք ես և Մխիթար Ավետիսյանը, և այդ հինգ պատմություններում էլ մենք ենք ներկայանալու։ Բոլոր պատմությունները իրարից տարբեր են, այնպես որ իմ կերպարներն էլ են իրարից բավականին տարբերվում»,- պատմում է դերասանուհին։
Ներկայացման ռեժիսորը երտասարդ դերասան և ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն է, իսկ թե դերի ընտրությունն ինչպես է կոնկրետ Էվայի վրա կանգ առել, դերասանուհին հստակ չկարողացավ նշել՝ հավելելով, որ հավանաբար ռեժիսորն իրեն է տեսել այդ դերում։
«Սկզբում մտավախություններ ունեի, ինձ թվում էր՝ դժվար կլինի, քանի որ գործերն էլ են իրարից շատ տարբեր․ և՛ ժանրային մատուցումն է տարբեր, և՛ տեսակներն են տարբեր։ Բայց աշխատանքի ընթացքում ամեն ինչ գտավ իր տեղը, ձևը, տրամադրությունը, ամեն ինչ հստակեցվեց և կարծում եմ՝ ամեն ինչ ստացվել է»,- մանրամասնում է դերասանուհին։
Մխիթար Ավետիսյանը ևս Կամերային թատրոնի դերասան է, և սա առաջին անգամը չէ, որ դերասանները միասին մեկ բեմում կհայտնվեն, սակայն սա առաջին անգամն է, երբ բեմում կլինեն միայն նրանք երկուսով։ «Ես Մխիթարի հետ շատ հանգիստ եմ աշխատում, նա շատ պրոֆեսիոնալ դերասան է, իր հետ իրոք շատ հեշտ է, և մեր հարաբերություններն էլ շատ-շատ ջերմ են, և բնականաբար դա էլ նպաստեց, որ մեզ մոտ ամեն բան շատ լավ ստացվեր։ Մեր եռանկյունին բավականին հաջողված է․ ռեժիսոր և դերասաններ կապը հստակ կերևա ներկայացման մեջ, մենք իրար կես խոսքից հասկացել ենք։ Այս ողջ ընթացքում մեր ներկայացումը բազմաթիվ փորձությունների ենթարկվեց, համավարակի ընթացքում, երբ թատրոնը դեռ փակ էր, մեր տեքստերի ընթերցման գործընթացն արդեն սկսվել էր, հետո դադարներ եղան, բայց վերջիվերջո հասանք մեր նպատակին, և շուտով կլինի ներկայացման պրեմիերան»,- պատմում է Էվան։
Դերասանուհին հայտնեց, որ նորություններ ունի նաև հեռուստատեսությունում․ «16 մասանոց նախագծում ոչ շատ մեծ դեր ունեմ։ Աշխատել եմ ռեժիսորի հետ, ում հետ երկար տարիներ ուզում էի աշխատել, այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել»։
Չէինք կարող չանդրադառնալ նաև նախորդ տարվա բազմաչարչար ընթացքին, որը բացի հոգեբանական ծանր հետևանքներից, ֆինանսկան լուրջ խնդիրներ ևս առաջացրեց․ «Անկեղծ ասած, չափազանզ բարդ էտապ էր, երևի թե ծնողիս օգնությամբ եմ կարողացել հաղթահարել, քանի որ եթե չլիներ մայրս, չեմ պատկերացնում՝ ինչպես կհաղթահարեի այդ շրջանը, երբ չկար աշխատանք և ոչ մի տեսակի ֆինանսական հնարավորություն։ Շատ բարդ շրջան էր, բայց, փառք Աստծո, որոշ բաներ սկսել են տեղից շարժվել՝ չնայած այսօրվա պատկերում ոչինչ չի փոփոխվել, քանի որ ես այս ընթացքում չեմ ունեցել ներկայացումներ, համավարակից և պատերազմից հետո շատ ներկայացումներ էլ, որոնցում ես զբաղված էի, լքել են խաղացանկը՝ հույսով, որ մի օր կվերադառնան։ Այդ առումով ես շատ տուժեցի, քանի որ այն ներկայացումները, որոնցում ես զբաղված էի, գրեթե բոլորը դուրս եկան»։
Դերասանուհին նշեց, որ հաջորդ ամսվանից կունենա նոր ներկայացումներ, սակայն միևնույն ժամանակ հավելեց, որ որպես այդպիսին, դրանք ևս ինչ-որ ֆինանսական աճ չեն ենթադրելու․ «Բայց գոնե ինչ-որ ներքին հանգստություն իրենց հետ հաստատ բերելու են»։
Խոսելով նոր ծրագրերի և առաջիկա պլանների մասին՝ Էվան նշեց․ «Ես իմ տեսակով շատ ակտիվ մարդ եմ, հանգիստ վիճակը չեմ սիրում։ Ինձ համար կարևոր է, որ ես մշտապես շատ զբաղված լինեմ տարբեր նախագծերում, այդ վազքը ինձ համար շատ հաճելի է։ Հուսամ, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, կլինեն նոր առաջարկներ, նոր նախագծեր, նոր, հետաքրքիր ստեղծագործական մթնոլորտ կստեղծվի՝ թեկուզ կոմերցիոն տարբերակով՝ ուրիշ թատրոններում։ Ցանկությունս մեկն է՝ լինել առաջվա պես մշտապես զբաղված, մշտապես իմ գործի մեջ»։
Նյութը՝ Լուս Ավագյանի